երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայկական կողմը կարող էր լարային արգելափակոց տեղադրել թույլ չտալով ադրբեջանցիներին մոտենալ. Դա րոպեների հարց է. Օհանյան

Հայկական կողմը կարող էր լարային արգելափակոց տեղադրել թույլ չտալով ադրբեջանցիներին մոտենալ. Դա րոպեների հարց է. Օհանյան

Գոյություն ունի մարտական հերթապահություն եւ գոյություն ունի պաշտպանական խնդիրների իրականացում, դրանք մի քիչ տարբեր են: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտնեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով Տեղ գյուղի հարևանությամբ ապրիլի 11-ին արձանագրված ռազմական միջադեպին:

«Բայց միեւնույն է, յուրաքանչյուր գործողության իրականացման շրջանակներում էլ գոյություն ունեն նախազգուշացնող, նաև ժամանակավոր կահավորվածություն պահանջող ինժեներական սարքավորումներ ստեղծելու հնարավորություններ, կան ականապայթյունային և ոչ ականապայթյունային ինժեներական սարքավորումներ: 

Տվյալ ժամանակահատվածում ճանապարհների վրա պետք է լինեն շարժական որոշակի լարային արգելափակոցներ: Օրինակ, Երեւանում անհրաժեշտության դեպքում փողոցները փակելու, արագ արգելափակոցների ստեղծելու հնարավորություններ ունի նույնիսկ պարեկային ծառայությունը:

ՊՆ-ն, ԱԱԾ-ն, բացի նախազգուշացնող կրակոցներից, նրանք կարող էին ճանապարհին ժամանակավոր լարային արգելափակոց տեղադրել, որի տեղադրումը րոպեների խնդիր է»,-ասաց Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, դա կկանգնեցներ ադրբեջանցիներին, նրանք չէին մոտենա մեր դիրքերին. «Եթե իրենց մեքենան կանգնեցներ, մեր զինվորականներն արդեն կմտնեին խրամատներն, ավելի անվտանգ կլինեին, իսկ 1-2 հոգի կբանակցեին, մնացածն իրենց նշանառության, դիտարկման տակ կվերցնեին հակառակորդի զինծառայողներին»,-ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ միջադեպը կանխել հնարավոր էր:

Օհանյանը Հայաստանի իշխանությանը խորհուրդ տվեց լուրջ հետևություններ անել ու դրանց շրջանակում կազմակերպել պաշտպանությունը, սահմանների ինժեներական կահավորումը և մնացած բոլոր անվտանգային խնդիրները:

  • Կիսվել: