շաբաթ, մայիս 24
24 / 5 / 2025
Դատախազը մեզ խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին. Արթուր Ղազինյան

Դատախազը մեզ խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին. Արթուր Ղազինյան

44-օրյա պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի աշխատանքի արդյունքներով նյութերը, բացի զեկույցից, պետք է ուղարկեն գլխավոր դատախազին։ Այս մասին, այսօր «Պատերազմի քննիչ հանձնաժողովի անհրաժեշտությունը. հետպատերազմյան ապաքինում» թեմայով ընթացող քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Արթուր Ղազինյանը:

«Սա իհարկե, իշխանական պատգամավորների մոտ որոշակի տագնապ առաջացրեց։ Նաև ասացի՝ փակ զեկույցից բացի պետք է ներկայացվի բաց զեկույց, հանգամանալից  կերպով ներկայացված լինեն պատերազմի ընթացքում իշխանության կողմից ընդունված որոշումները։ Հետևանքը դարձավ այն, որ սկսվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի անընդհատ, անբացատրելի ընտրության, չընտրության, կրկեսի  վերածված գործընթացը։  Հասկանալի դարձավ, որ մեր օրակարգն իրենց համար ընդունելի չէ»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նա ընդգծեց՝ իրենք կողմնակից են և ի վերջո լինելու է՝ այս հանցագործությունները քննվելու են  իրավական հարթությունում  պրոֆեսիոնալ, մասնագետ քննիչների կողմից, տրվելու է քրեաիրավական մեղադրանք։

«Հանձնաժողովի աշխատանքի արդյունքը, փաստական տվյալները պետք է ուղարկվեն գլխավոր դատախազին, ով ինձ և մեր գործընկերներին խոստացավ՝ ներկայացրեք փաստեր, և ես կձերբակալեմ Նիկոլ Փաշինյանին։ Իմ և մեր ընկերների աշխատանքը ԱԺ պաշտանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում ունի մեկ գերակա նպատակ՝ գտնել այդ փաստերն ու ներկայացնել գլխավոր դատախազին։ Մենք անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով»,- ասաց Արթուր Ղազինյանը։

  • Կիսվել: