հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և Հայաստանի անվտանգությունը․ Օհանյան

Չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և Հայաստանի անվտանգությունը․ Օհանյան

Այս իշխանությունների համար գոնե արտաքին քաղաքականության ոլորտում խոսքը գործին չի համապատասխանում: Այս մասին, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն՝ արձագանքելով ՀԱՊԿ նիստին Նիկոլ Փաշինյանի չմասնակցելու փաստին։

«ՀԱՊԿ-ն այն կազմակերպությունն է, որի ձևավորման ակունքներում կանգնած է նաև Հայաստանը։ Պարզ է, որ հարաբերությունների մեջ կան խնդիրներ, պարզ է, որ այնքան էլ դյուրին չի եղել այն ամբողջ ճանապարհը, որ ձևավորել է ՀԱՊԿ-ը, բայց ստեղծվել է պայմանագրաիրավագրային մի ամբողջ փաթեթ, և մանավանդ ռազմական բաղադրիչի մեջ Հայաստանը մեծ ներգրավվածություն է ունեցել։

Այս պարագայում, երբ Հայաստանն ու Արցախը գտնվում են բավականին բարդ ռազմաքաղաքական իրավիճակում, և սպառնալիքները խորանում են, չգնալ ՀԱՊԿ-ի միջոցառումներին, նշանակում է ևս մեկ վտանգի տակ դնել մեր տարածաշրջանը և Հայաստանի անվտանգությունը», - ասաց Սեյրան Օհանյանը։

Նա նշեց, թե ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունների վատթարացումը շատ դեպքերում կախված է եղել նաև Հայաստանի իշխանություններից. «Բոլոր այն կառույցներում, որտեղ ՀՀ-ն մասնակցություն ունի, պետք է գնալ և մասնակցել։ Եվ եթե խնդիրներ կան դաշինքի անդամների կամ հարևանների հետ, ապա այդ հարցերը պետք է բարձրաձայնել հենց այն հարթակներում, որտեղ միջոցառումներ են իրականացվում», - նշեց Օհանյանը։

Դիտարկմանը, որ իշխանությունները հայտարարում են, որ ՀԱՊԿ-ն իր պարտականությունները չի կատարում  Հայաստանի հանդեպ, ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Եթե չի կատարում, ինչը մենք էլ ենք տեսնում, այդ ամենի մասին պետք է խոսել, բարձրաձայնել: Բայց ես գտնում եմ, որ ՀԱՊԿ-ի վրա որոշ դեպքերում այնպիսի խնդիրներ են դրվում, կամ ասվում, որ իրենք պետք է գան, մեր փոխարեն անեն, որի իրականացնողը Հայաստանն է: ՀԱՊԿ-ի ոչ մի երկիր չի գալու եւ ամրապնդի մեր սահմանները, չի գալու մեր բարձունքներում, ռազմավարական կետերում խրամատներ փորի»:

Հիշեցնենք՝ վարչապետ Փաշինյանը Բելառուսի նախագահին տեղեկացրել է, որ չի կարողանա մասնակցել նիստին և հույս է հայտնել, որ ՀԱՊԿ գործընկերներն ըմբռնումով կվերաբերվեն այդ որոշմանը:

  • Կիսվել: