Այլևս որևէ մեկի կյանքին վտանգ չի սպառնում․ Անահիտ Ավանեսյանը՝ Տեղ գյուղում վիրավորում ստացած զինծառայողների վիճակի մասին
Վիրավոր զինվորների առողջական վիճակն օրեցօր ավելի լավանում է և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող մեր պացիենտի վիճակն օրեցօր ավելի կայունանում է և դեպի ապաքինում ենք գնում։ Որևէ մեկի կյանքին այլևս վտանգ չի սպառնում։
ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը՝ անդրադառնալով ապրիլի 11-ին Տեղ գյուղում ռազմական սադրանքի հետևանքով վիրավորված զինծառայողների առողջական վիճակին։
«Ում վիճակը թեթև էր` դուրս է գրվել կամ վերականգնողական ընթացքի մեջ է, բայց ծանր և ծայրահեղ ծանր պացիենտները դեռ բուժման ընթացքի մեջ են։ 6 վիրավորներից 3-ը դեռ ստացիոնար բուժական օգնություն են ստանում»,- ասաց նախարարը։