հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Անմահության ճանապարհ․ Վահագն Հաջաթյան (տեսանյութ)

Անմահության ճանապարհ․ Վահագն Հաջաթյան (տեսանյութ)

Ոստիկանության զորքերի ծառայող Վահագն Հաջաթյան. Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից հերթական ոստիկանը, որը զոհվեց հանուն հայրենիքի։

Վահագն Հաջաթյանը ծնվել է 1991 թվականին, Արթիկում։ Պարտադիր զինվորական ծառայությունն անցել էր Արցախի սահմանամերձ զորամասերից մեկում։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։
2012 թվականից ոստիկանության համակարգում էր` նախ ոստիկանության Արթիկի բաժնի պարեկապահակետային ծառայությունում, իսկ 2019 թվականից՝ ոստիկանության զորքերում։

Ծառայակիցների հետ Տավուշի սահմանամերձ դիրքերում իրականացրել էր նաև մարտական հերթապահություն։

Զինվորագրվեց Արցախյան 44-օրյա պատերազմի առաջին օրը, իսկ սեպտեմբերի 29-ին ծառայակիցների հետ մեկնեցին Արցախ։

Սեպտեմբերի 29-ից մասնակցեցին Քարվաճառի պաշտպանությանը։ Հոկտեմբերի 29-ին գնաց տուն։ Երկրորդ անգամ մեկնեց Շուշի։ Ծառայակից ընկերների հետ նոյեմբերի 4-ից մասնակցեցին Շուշիի պաշտպանական մարտերին։ Նոյեմբերի 5-ին ոստիկանության զորքերի զորախումբն ընկավ թշնամու շրջափակման մեջ։

«Երկու օր դիմադրելուց հետո՝ նոյեմբերի 7-ին, նահանջի հրաման եղավ։ Նահանջելիս թշնամին դուրս ելավ մեր դիմաց։ Սկզբում դիպուկահարներն էին կրակում մեզ վրա, հետո սկսեցին արկեր արձակել։ Մտանք անտառ, որտեղ արդեն թեժ մարտեր էին։ Թշնամին ավելի էր մոտենում։ Մոտ 100-150 մետր էր հեռու»,- պատմում է ծառայակից ընկերը՝ Մարտուն Մարտիրոսյանը։

Վահագնը վիրավորվում է, բայց շարունակում է կռվել։ Դա նրա վերջին կռիվն էր…
Վահագն Հաջաթյանը հաղթանակի մեծ հավատով կռվեց հանուն հայրենիքի, հանուն հայոց հինավուրց բերդաքաղաքի ու դարձավ անմահության զինվոր:

  • Կիսվել: