Անհրաժեշտ է, թեկուզ ուշացումով, Զինված ուժերը բերել զորանոցային վիճակի և սահմանել խիստ կարանտին․ Ժիրայր Սեֆիլյան
Եթե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաճարակի պայմաններում հանդգնի ընտրություններ անցկացնել Արցախում, ապա ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը՝ որպես Զինված ուժերի անմիջական հրամանատար և զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձ, պարտավոր է արգելել ՀՀ Զինված ուժերի Արցախի Պաշտպանության բանակի անձնակազմի մասնակցությունն այդ ընտրություններին, գրում է Սասնա Ծռեր համահայկական կուսակցության ներկայացուցիչ, Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը:
«Հակառակ պարագայում մեղսակից կդառնա ՀՀ Զինված ուժերի մարտունակությունը և պետության պաշտպանունակությունը անխուսափելի վտանգի ենթարկող այդ հանցագործությանը։
Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, թեկուզ ուշացումով, Զինված ուժերը բերել զորանոցային վիճակի և սահմանել խիստ կարանտին։
Հապաղումը թանկ է նստելու ազգի, պետության և, իհարկե՝ հանցավոր անգործություն ցուցաբերող պաշտոնյաների վրա»,- մասնավորապես գրել է նա։