երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Անհետ կորած զինծառայողների ծնողները գնում են փոխոստիկանապետի հետ հանդիպման

Անհետ կորած զինծառայողների ծնողները գնում են փոխոստիկանապետի հետ հանդիպման

Առավոտյան ժամը 10-ին պարալիզացրեցինք Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը, հիմա փոխոստիկանապետը ցանկություն հայտնեց հանդիպել մեզ հետ, քննարկել մեր խնդիրը, որոշեցինք այս անգամ էլ գնալ, հասկանալ, թե մեզ ինչ են առաջարկում: Այս մասին այսօր Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիայի ժամանակ ասաց անհետ կորած զինծառայողներից Վարդան Ադոյանի մայրը՝ Անահիտ Ադոյանը:

Նա, մասնավորապես, նշեց. ՛՛Մենք դա էլ գիտենք, որ սա, հնարավոր է, հերթական փափուկ բարձն է, բայց մենք նորից ենք գալու: Այնպես չէ, որ գնացինք ու հետ չենք գալու: Փոխոստիկանապետն ասաց՝ եկեք գնանք ինձ մոտ, նստենք, զրուցենք, հասկանանք, քննարկենք: Մյուս կողմից՝ իրենց ասածն այն էր, որ այստեղից ձեզ կհավաքենք, կտանենք: Մենք չենք վախենում, բայց չենք ուզում անախորժություն լինի: Ասենք՝ իմ թեւերը ծալեն, տանե՞ն, ինչքանով է դա հարգի:

Մենք այս պահին այստեղ ենք, մեկ ժամից կարող ենք մի ուրիշ տեղ լինել, երկու ժամից՝ այլ տեղում, լուսադեմին Երեն-Հոկտեմբերյան միջպետական ճանապարհը փակենք... Այնպես չէ, որ մենք մեր քայլերը ասելու ենք: Պարզապես մարդը բարեհամբույր գտնվեց, ասաց՝ գնանք ինձ մոտ, զրուցենք: Լավ, գնանք, զրուցենք: Երեւի ուզում են՝ այս պիկը բացվի: Մեզ համար դժվար չէ էլի փակել ճանապարհը՛՛:

Ծնողը հավելեց, սակայն, որ իրենց հիմնական պահանջը մնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը:

Ըստ ծնողների՝ Փաշինյանն իրենց ընդամենը 10 րոպեով ընդուներ, նման վիճակ չէր լինի։

Հիշեցնենք, որ ակցիային մասնակցում են Էջմիածնի N զորամասի (՛՛քիմիկների՛՛ զորամաս) զինծառայողների ծնողները, որոնց զավակներին 2021 թվականի հոկտեմբերի 21-ին տեղափոխել էին Արցախ՝ մարտական առաջադրանքի, և սխալ հրամանի պատճառով նրանք հայտնվել էին շրջափակման մեջ ու անհետ կորել:

Ծնողները փակել են Բաղրամյան պողոտա-Պռոշյան փողոց խաչմերուկը եւ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ: Նրանք մեկ շաբաթ առաջ էին Նիկոլ Փաշինյանին հանդիպելու պահանջով բողոքի ակցիա արել, սակայն Փաշինյանը նրանց չէր ընդունել։

  • Կիսվել: