ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակին

Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում ներկայացվել է ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակին

Հունիսի 26-ին Ժնևի Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակներում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպել էր ցուցահանդես՝ նվիրված Հայաստանի առաջին հանրապետության 105-ամյակին։ Ցուցահանդեսը կրում էր «Կանանց դերը պետականաշինության գործում» խորագիրը։

Ներկայացվել էին ինչպես Հայաստանի առաջին հանրապետության, այնպես էլ պատմական տարբեր ժամանակաշրջաններում մեր երկրում հասարակական, քաղաքական, կրոնական, մշակութային, կրթական ոլորտներում հայ կնոջ խաղացած դերը ներկայացնող ցուցապաստառներ։

Ցուցադրման բացման արարողության ժամանակ հանդես են եկել ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան, ՄԱԿ գրադարանի և արխիվների տնօրեն Ֆրանչեսկո Պիզանոն։ Բանախոսներն անդրադարձել են ամբողջ աշխարհում կանանց դերի բարձրացման ու իրավահավասարության կարևորությանը, ներկայացրել դրվագներ պետականաշինության գործում հայ կանանց նշանակալի նպաստի մասին։

Դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը ներկայացրել է այն հայ կին գործիչներին, որոնք կարևոր ներդրում են ունեցել հայ ժողովրդի պատմության մեջ, անդրադարձ կատարել այս ասպարեզում միջնադարյան հայ իրավական մտքին և առաջին հանրապետության շրջանում հայ կանանց դերակատարությանն ու իրավունքներին։ Նա նաև ներկայացրել է կանանց իրավահավասարության առումով Հայաստանում գրանցված ձեռքբերումները։ Ա.Հովհաննիսյանն իր ելույթը եզրափակել է՝ ներկաների ուշադրությունը հրավիրելով ցուցահանդեսի հրավիրատոմսի վրա պատկերված Մայր Հայաստանի արձանին: Նա ընդգծել է, որ այն խորհրդանշում է կնոջը, որը պաշտպանում է Հայաստանի սիրտը՝ մայրաքաղաք Երևանը. նա կանգնած է որպես ինքնիշխանության, ամրության, խաղաղության և տոկունության անսասան խորհրդանիշ:

Ամբողջ ալբոմ

Ցուցահնդեսին ներկա են եղել բազմաթիվ երկրների դեսպաններ, դիվանագետներ, ՄԱԿ-ի ժնևյան կառույցի պաշտոնյաներ, հայ համայնքի ներկայացուցիչներ։ Ցուցահանդեսի բացման արարողության ավարտին ներկաները համտեսել են հայկական գինի։ 

Ցուցահանդեսը մտահղացվել, կազմվել ու նախորդ տարի ցուցադրվել է Նյու Յորքում՝ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության ջանքերով։

Ստորև ներկայացնում են դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանի ելույթը. 

«Հարգարժա՛ն Գլխավոր տնօրեն,

Հարգելի՛ գործընկերներ,

Տիկնա՛յք և պարոնա՛յք,

Մեծ սիրով ողջունում եմ ձեզ «Կանանց դերը պետականաշինության գործում» ցուցահանդեսի բացմանը: Հատուկ շնորհակալություն եմ ցանկանում հայտնել Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակների տնօրեն տիկին Տատյանա Վալովայային՝ այսօր մեզ միանալու համար:

Այստեղ ներկայացված ցուցահանդեսը հայ կանանց մասին է, ովքեր պատմականորեն մեծ դեր են ունեցել մեր կյանքի բոլոր ասպարեզներում: Անցած տարի Կանանց հանդեպ բոլոր տեսակի խտրականության վերացման վերբերյալ կոնվենցիա ՄԱԿ-ի Հանձնաժողովը ողջունեց «Հայաստանի ջանքերը և նվիրվածությունը խաղաղության կերտման, մարդու իրավունքների, ժողովրդավարական ինստիտուտների, օրենքի գերակայության և կայուն զարգացման ամրապնդման գործին»: Մենք արդեն գրանցել են զգալի ձեռքբերումներ, այսպես՝ խորհրդարանի անդամների 35 տոկոսը կանայք են, Արտաքաին գործերի նախարարության աշխատակազմի 52 տոկոսը կանայք են, Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտի կին աշխատակիցների թիվն ամենաբարձրներից է աշխարհում՝ ավելի քան 40 տոկոս: Մենք վճռական ենք էլ առավել ամրապնդել կանանց առաջաղացումը, ելնելով մինչ օրս գրանցված հաջողություններից, հիմնվելով նաև մեր պատմական ժառանգության և ազգային մշակույթի վրա:

Այս ցուցահանդեսը ներկայացնում է միայն մի մասնիկն այն ներդրման, որը հայ կանայք ունեցել են հայկական պետականաշինության գործում: Կցանկանայի հատկապես նշել նրանցից մի քանիսին:

Ամբողջ ալբոմ

Առկա են պատմական բազմաթիվ տեղեկություններ, ըստ որոնց Անահիտ աստվածուհին հնադարյան հայերի դիցաբանության մեջ զբաղեցնում էր կենտրոնական տեղ: Այստեղ ներկայացված պաստառներից մեկը պատմում է նրա մասին: Ըստ որոշ տվյալների՝ հայ թագավորներից մեկն Անահիտին անվանեց մեր ազգի հպարտության և կենսունակության խորհրդանիշը, Հայաստանի կենաց աղբյուրը: Հայաստանն առաջին պետությունն էր, որը 301 թվականին հռչակեց քրիստոնեությունը, որպես պետական կրոն: Հայկական եկեղեցու առաջին սրբերը կանայք էին, այստեղ ներկայացված մեկ այլ պաստառ նկարկայացնում է նրանց պատմությունը:

Հայկական եկեղեցու 4-րդ և 5-րդ դարի կանոնագրքերը հաստատում էին կանանց և տղամարդկանց հավասարությունը: Այդ դրույթները առավել զարգացան  12-րդ դարում գրված Դատաստանագրքում։ Այն արգելում էր բռնի ամուսնությունը, բռնությունը կանանց դեմ, իրավունքներ էր տալիս կանանց ապահարզան պահանջելու և երկրորդ անգամ ամուսնանալու համար, ապահովում էր կանանց և տղամարդկանց հավասար իրավունքներն ունեցվացքի և ժառանգության հանդեպ: Իմ ազգի պատմության մեջ բազում հայ թագուհիներ խաղացել են բախտորոշ դեր: Նրանցից երկուսի պատմությունը ներկայացված է այստեղ: Որոշ պատմաբաններ հայ հայտնի թագուհիների և արքայադստրերի թիվը համարում են 150-ի մոտ: Պատմությանը հայտնի առաջին հայ թագուհին, ով իշխեց երկրում, կրում էր Էրատո անունը: Նա ապրում էր 1-ին դարում, իսկ նրան պատկերող հելենիստական ոճի մետաղադրամը պահպանվել է մինչ օրս: Բազմաթիվ հայ թագուհիներ իշխել են հաստատել Հայաստանից դուրս՝ հատկապես Բյուզանդական կայսրությունում և Երուսաղեմի թագավորությունում:

Անցնենք արդի ժամանակաշրջանին: Դեռևս 1773 թվականին մի խումբ հայ մտավորականներ ստեղծեցին ապագա հայկական պետության սահմանադրությունը: Այն մասնավորապես սահմանում էր, որ «ցանկացած ոգ, հայ կամ այլ ազգության, կին թե տղամարդ, ով ծնվել է Հայաստանում կամ ներգաղթել է Հայաստան ունի հավասար իրավունքներ: Ոչ ոք չունի այլ անհանտին իշխելու իրավունք»: Կհամարձակվեմ նշել, որ սա հնչում է այնպես, կարծես վերցված լինի Մարդու իրավունքների Համընդհանուր հռչակագրից:

Հարյուրհինգ տարի առաջ, 1918 թվականին այս երախտավորների երազանքն իրականացավ՝ Հայաստանը վերականգնեց իր անկախությունը: Այս ցուցահանդեսը նվիրված է այդ հիշարժան տարեդարձին: Հանրապետությունը թեև կարճատև կյանք ունեցավ, սակայն այն անջնջելի հետք թողեց հայ ժողովրդի և հասարակության զարգացման վրա, ներառյալ՝ հայ կանանց դերի բարձրացման առումով: Հայաստանի Հանրապետությունն առաջինն էր այն երկրներից, որը կանանց տվեց ընտրելու և ընտրվելու իրավունք: Առաջին հանրապետության խորհրդարանում կար երեք կին պատգամավոր:

Մի քանի օր առաջ նշեցինք Դիվանագետ կանանց միջզագային օրը: Քչերին է հայտնի, որ առաջին կին դինավանագետներից էր Հայաստանի Առաջին Հանրապետության դեսպանը Ճապոնիայում: Այստեղ կարող եք տեսնել նրա լուսանկարը և պատմությունը:

Այստեղ կարող եք նաև տեսնել գրավիչ պատմություններ հայ կին կրթողների, մտավորականների, կանանց իրավունքների պաշտպանների, ակտիվիստների, լրագրողների, նորարաների, մարդու իրավունքների պաշտպանների, սպորտային չեմպիոնների, խաղաղապահների՝ նրանք բոլորն անուրանելի ներդրում են ունեցել հայկական պետականության կայացման գործում:

Ամբողջ ալբոմ

Եզրափակելով՝ կցանկանայի հրավիրել ձեր ուշադրությունը Մայր Հայաստանի արձանին, որը պատկերված է այս միջոցառման հրավերի վրա: Կինը պաշտպանում է Հայաստանի սիրտը՝ մայրաքաղաք Երևանը. նա կանգնած է որպես ինքնիշխանության, ամրության, խաղաղության և տոկունության անսասան խորհրդանիշ:

Ավարտելով, երախտագիտություն եմ հայտնում պարոն Ֆրանչեսկո Պիզանոյին՝ Ժնևում ՄԱԿ-ի գրանդարանի և պահոցների տնօրերենին՝ նրա արժեքավոր աջակցության համար, Թոմաս Կրյուգերին՝ Մշակութային հարցերով համակարգողին և նրանց գործընկերներին: Ցանկանում եմ նաև նշել Նյու Յորքում Հայաստանի Մշտական ներկայացուցչության իմ գործընկերների ներդրումը, ովքեր ստեղծել, կազմակերպել և ներկայացրել էին այս ցուցահանդեսն անցած տարի Նյու Յորքում, ՄԱԿ-ի կենտրոնակայնում:

Իսկ հիմա, հրավիրում եմ ձեզ վայելել մեր ցուցահանդեսը և ըմբոշխնել հայկական գինի:

Շնորհակալություն»:

  • Կիսվել: