Tour of Armenia-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ, դա մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է. ԿԳՄՍ նախարար
Հայաստանը կհյուրընկալի 16 տարբեր երկրների թիմերի, որոնց կազմում կլինի նաև Հայաստանը ներկայացնող թիմը։ Չորս օր տևողությամբ միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքը կամփոփվի Երևանում։ Այս մասին Tour of Armenia միջազգային պրոֆեսիոնալ հեծանվավազքի մեկնարկին նվիրված ասուլիսում ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
«Յուրաքանչյուր օրը կամփոփվի տվյալ օրվա հաղթողների առանձնացումով, իսկ վերջին օրն արդեն կունենանք ինչպես տվյալ օրվա հաղթողներին, այնպես էլ մրցաշարի ընդհանուր պարգևատրումը Երևանի Հանրապետության հրապարակում։ Սա նույնպես խորհրդանշական եմ համարում, քանի որ գիտեք՝ այս տարի նշում ենք Հանրապետության հրապարակի կառուցման մեկնարկի 100-ամյակը, և կարծում եմ, որ մրցաշարը ամփոփելով այսպիսի մի խորհրդանշական վայրում՝ հնարավորություն կունենանք տեսանելի դարձնելու Երևանի ճարտարապետությունը»,- ասաց նախարարը։
Անդրեասյանը ընդգծեց, որ մրցաշարը կարևոր է ոչ միայն սպորտի, մասնավորապես՝ հեծանվային սպորտի զարգացման տեսանկյունից։
«Գիտեք, որ սա Կառավարության շարունակական քաղաքականությունն է։ Բառացիորեն մի քանի տարի առաջ մենք բոլոր դպրոցների համար գնեցինք հեծանիվներ, որպեսզի մեր երեխաներն ունենան հնարավորություն հեծանիվ վարելու, դրանից հետո կազմակերպեցինք վարչապետի գավաթը հեծանվավազքից։
Այս տարի ես ուրախ եմ հայտնելու, որ դպրոցականների գավաթը տեղի կունենա հենց Tour of Armenia-ի օրերին՝ սեպտեմբերի 11-12-ը, հնարավորություն ընձեռելով մեր դպրոցականներին շփվելու պրոֆեսիոնալ հեծանվորդների հետ և այսպիսով նաև իրենց համար նոր ոգեշնչման աղբյուր ստանալու»,- նշեց Ժաննա Անդրեասյանը։
Նա ընդգծեց, որ Կառավարության կողմից ամբողջությամբ վերակառուցվում է հեծանվային սպորտի մարզադպրոցը, որը մոտ օրերս պատրաստ կլինի շահագործման։
«Սա նշանակում է, որ հեծանվային սպորտի զարգացման ուղղությամբ մեր քայլերը հետևողական են։
Մենք հետևողական ենք նաև մեր երկրում միջազգային մրցաշարեր անցկացնելու ուղղությամբ, և Tour of Armenia-ն դրա վկայությունն է։ Այս տարի արդեն հյուրընկալել ենք Եվրոպայի հրաձգության առաջնությունը, Սամբոյի աշխարհի գավաթը, մրցաշարեր՝ բասկետբոլից և մեծ թենիսից, և այսօր էլ խոսում ենք հեծանվասպորտի մասին։
Մյուս տարի լինելու են Ֆրանկոֆոնիայի տասներորդ մարզամշակութային խաղերը, Ծանրամարտի աշխարհի առաջնությունը, Եվրոպայի սպորտային մարմնամարզության առաջնությունը, և Կառավարության նոր ծրագիրն էլ ամրագրում է, որ ամեն տարի նվազագույնը երկու միջազգային առաջնություն անցկացնելու հանձնառություն ունենք»,- ասաց նախարարը։
Նրա խոսքով՝ միջազգային մարզական միջոցառումների անցկացումը Հայաստանի համար կարևոր է ոչ միայն մարզական ձեռքբերումների, այլև երկրի միջազգային տեսանելիության և զբոսաշրջային գրավչության բարձրացման տեսանկյունից։
«Եվ այս ամենը ասում եմ՝ նշելու համար, որ Tour of Armenia-ն մեզ համար պարզապես նախագիծ չէ, դա մեր ռազմավարական մոտեցումների արտացոլումն է, բայց ոչ միայն սպորտի, այլև մեր երկիրը տեսանելի և գրավիչ դարձնելու։
Այս մրցաշարով մենք հնարավորություն ենք ունենում Հայաստանի ավելի քան 500 կմ երկարությամբ ճանապարհների և դրանց հարակից բնակավայրերի համայնքների բնապատկերների տեսանելիությունն ապահովել միջազգային ամենատարբեր հարթակներում։ Մենք ունենալու ենք բավական մեծ սփռում, և նման մրցաշարերը պետք է օգտագործվեն երկրի զբոսաշրջային գրավչության, միջազգային տեսանելիության և դեպի երկիր նոր համագործակցություններ բերելու տեսանկյունից։ Ես ավելի քան վստահ եմ, որ մենք այստեղ էլ կունենանք հաջողություններ»,- նշեց Անդրեասյանը։
Նախարարը նաև հույս հայտնեց, որ մրցաշարի մեկնարկին քաղաքացիները կմիանան միջոցառմանը և ճանապարհների երկայնքով կաջակցեն մասնակիցներին։
«Հուսով եմ, որ մեր քաղաքացիներն էլ կլինեն ճանապարհներին՝ ոգևորելու բոլոր մասնակիցներին և նաև հաջողություն մաղթելու նրանց»,- ասաց նա։
Անդրեասյանի խոսքով՝ մրցաշարի առաջին օրը մասնակիցները կմրցեն Սևանի շուրջ, իսկ երկրորդ օրը երթուղին կշարունակվի Կիրանցից մինչև Ստեփանավան։
«Հուսով եմ, որ բառացիորեն երկու օր հետո մենք միասին ստարտը կտանք Գավառում, և Սևանի շուրջ առաջին օրվա մրցաշարը, երկրորդ օրը՝ շարունակվելով Կիրանցից մինչև Ստեփանավան, և այնուհետև նաև իր ամփոփումը գտնելով Երևանում, կլինի մեզ բոլորիս համար սպորտային մեծ տոն և աշխարհում բազմաթիվ մարդկանց համար Հայաստանը բացահայտելու հնարավորություն»,- ասաց նախարարը։



