ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ճարտարապետներն անհեթեթություն են համարում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների շուրջ շահարկումները

Ճարտարապետներն անհեթեթություն են համարում Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների շուրջ շահարկումները

Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքների ընթացքի, ինչպես նաև թեմայի շուրջ անընդհատ շարունակվող շահարկումների շուրջ ապրիլի 28-ին Ճարտարապետների պալատում մասնագիտական քննարկում է կազմակերպվել:

Քննարկման մասնակիցներն են պատմամշակութային հուշարձանների վերականգնման ոլորտում տասնյակ տարիների փորձ ունեցող վերականգնող ճարտարապետներ Սաշուր Քալաշյանը, Ալեքսանդր Բադալյանը (Ճարտարապետների պալատի նախագահ), Հովհաննես Սանամյանը և Ամիրան Բադիշյանը:

Նրանք ընդգծում են, որ հուշահամալիրի հիմնանորոգման նախագիծը մշակվել է մի քանի տարվա մասնագիտական հետազոտությունների, քննարկումների, վերլուծությունների արդյունքում։

Ամիրան Բադիշյանի խոսքով՝ այդ նախագծից առանձնացվել է մի հատված, որը վերաբերում է քանդման աշխատանքներին և վերագրվում է ճեմուղուն, ամբողջ թանգարանային համալիրին, ցեղասպանության գաղափարաբանական համալիրին։  Ըստ նրա՝դա միտումնավոր է արվում և անհեթեթություն է։

«Հարավակողմյան երեք մույթերի աշխատանքները կատարվել են վերականգնողական աշխատանքներին, նորմատիվներին, նյութաբանությանը համապատասխան։ Ընթացքում կատարվել է մշտադիտարկում թե՛ մասնագիտական, թե՛ իրավական, թե՛ ի պաշտոնե տարբեր մակարդակներով։ Համալիր աշխատանքների արդյունքում ունեցանք արժանավայել արդյունք»,-ընդգծում է Բադիշյանը։

Սաշուր Քալաշյանը վստահեցնում է՝ թեմայի շուրջ շահարկումներ իրականացնող մարդիկ հեռու են ասպարեզից, ոչինչ չեն հասկանում, չգիտեն, թե հուշարձանն ինչ է, հիմնանորոգումն ինչ է, վերանորոգումն ինչ է։ «Այդ տերմինոլոգիան ընդունելով և յուրովի մեկնաբանելով՝ ինչ ասես կարող են խոսել ու վերածել հանցագործության»,-նշում է նա։

Ալեքսանդր Բադալյանը շեշտում է՝ եթե նախագիծը ենթադրում է նաև քանդման փուլ, այն պետք է կոնստրուկտիվ հաշվարկվի, հստակեցվի, թե այդ ամենն ինչ տեխնիկայով պետք է արվի։ «Եթե ակնհայտ գիտենք, որ տվյալ հատվածում վնասված քարեր կան, և ջուրը թափանցում, հասնում է ներսի մասն ու քանդում է մնացած քարերը, ուրեմն պետք է վերանորոգել։ Այն ժամանակ չկային բետոնի լուծույթներ, որոնք կարող էին դիմանալ այդ ջրին, ու վտանգ կար, որ պետք է հանել ամրաններն ու ստուգել, հասկանալ ժանգո՞տ են, թե՞ ոչ»,-ասում է Բադալյանն ու հավելում՝ բոլոր փուլերն անցել են գիտամեթոդական խորհրդի հաստատմամբ։

Հովհաննես Սանամյանի խոսքով՝ «քանդման նախագիծ» հասկացողություն չկա, կա վերականգնման նախագիծ, որը ներառում է մի շարք աշխատանքներ։ «Այդ աշխատանքները կարող են լինել քանդում, վերաշարում, կարող են լինել վնասված քարերի քանդում, հեռացում և այլն, բայց դա արտաքին հատվածին է վերաբերում։ Որպեսզի հասկանային, թե ինչ վնասվածքներ կան, պետք է վնասված քարերը հանվեին, ուսումնասիրվեին»,-նշում է Սանամյանը։

 

  • Կիսվել: