կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Ստեփանակերտի պատկերասրահում բացվել է «Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների աշխատանքների ցուցահանդեսը

Այսօր՝ հունիսի 15-ին, մայրաքաղաքի պատկերասրահում բացվել է «Քոչարյան» արտ ստուդիայի սաների հաշվետու ցուցահանդեսը, որը կրում է «Սովորենք արվեստի գիտությունը և գիտության արվեստը» խորագիրը:

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ստուդիայի սաների արդեն երկրորդ տարին կազմակերպվող հաշվետու ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Արցախի Հանրապետության ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը պաշտոնատար այլ անձինք:
 Нет описания.
ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը ողջույնի իր խոսքում բարձր է գնահատել ստուդիայի հիմնադիր-տնօրեն Լիանա Քոչարյանի գործունեությունը:
 
«Յուրաքանչյուր ոք պետք է խորը ակնածանքով վերաբերի հայրենանվեր, մարդկային ամենաբարձր արժանիքներով օժտված արվեստագետին և նրա ստեղծագործական ժառանգությանը, քանի որ նման անհատներն են համեստորեն, լուռ, առանց գովաբանման սպասելու իրենց գործն առաջ տանում»,- նշել է նախարարը:
 Нет описания.
Նրա խոսքով՝ ստուդիայի շրջանակներում նկարչուհի Լիանա Քոչարյանի գործունեությունը յուրօրինակ փորձություն է, քանի որ այստեղ նա հանդես է գալիս արդեն որպես ուսուցանող ու մանկավարժ:
 
Արվեստաբան Լուսինե Գասպարյանը «Քոչարյան» արտ ստուդիան բնութագրել է որպես գեղեցիկը տեսնելու, ընկալելու, ակադեմիական նկարչության դասեր առնելու, սովորելու յուրօրինակ հարթակ:
 
«Գեղեցիկի ձևավորումը բոլոր ժամանակներում եղել է սերունդների դաստիարակության կարևորագույն բաղադրիչը։ Բոլոր երեխաններն էլ կարողանում են նկարել, բայց ճիշտ նկարում են այն երեխաները, որոնք ճիշտ են ուսուցանվում: Այս ստուդիայում դրված են արվեստի ճիշտ հիմունքները»,-ասել է արվեստաբանը։
 Нет описания.
Շնորհակալություն հայտնելով ներկաներին ջերմ խոսքի համար, Լիանա Քոչարյանն ընդգծել է, որ սաներին ստուդիայում սովորում են նկարչության քերականությունը:
 
«Մեր սաների աշխատանքները կարող են նման լինել, սակայն՝ չկրկնվող: Յուրաքանչյուրը, լսելով իմ ուսուցողական խոսքը, յուրովի է կատարում աշխատանքը՝ իր զգացմունքներին ու կարողություններին համապատասխան»,-հավելել է նա:
Нет описания.
Հիմնադիր տնօրենը ավարտական հավաստագրեր է հանձնել 13 սանի:
 
Ստուդիայի շրջանավարտ Աննա-Մարիա Աղաբալյանը հստակ նախանշել է իր ապագա մասնագիտությունը. ուզում է գրաֆիկ դիզայներ դառնալ։
 
Մասնագիտական կողմորոշման հարցում իրեն օգնել է ստուդիա հաճախելը:
 
«Ամենամեծ ձեռքբերումը համարում եմ այն, որ նկարչության շնորհիվ սկսել եմ գնահատել այն, ինչ շրջապատում է ինձ։ Սկսել եմ տարբերակել գեղեցիկն ու իրականը։ Շրջափակման դժվարին ժամանակներում ստուդիա հաճախելն օգնել է լիցքաթափվել առօրյա վատ տրամադրություններից»,-պատմել է մեր զրուցակիցը՝ կարևորելով ուսուցչուհու՝ Լիանա Քոչարյանի ներդրումն այդ ամենի մեջ:
 Нет описания.
«Քոչարյան» նկարչական ստուդիայի սաների հաշվետու ցուցահանդեսը Ստեփանակերտի պատկերասրահում բաց կլինի ավելի քան 10 օր:

  • Կիսվել: