երեքշաբթի, սեպտեմբեր 1
1 / 9 / 2026
Նոր ուսումնական տարին` նոր ակնկալիքներով. Արաքսիա Սվաջյանն այցելել է դպրոցներ

Նոր ուսումնական տարին` նոր ակնկալիքներով. Արաքսիա Սվաջյանն այցելել է դպրոցներ

Հայաստանի Հանրապետության հանրակրթական դպրոցներում այսօր՝ Գիտելիքի և դպրության օրը, հնչել է 2026-2027 ուսումնական տարվա առաջին զանգը: Սեպտեմբերի մեկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է ուսումնական հաստատություններ և շնորհավորել սովորողներին ու մանկավարժներին: 

Ինչպես տեղեկանում ենք գերատեսչության տարածած հաղորդագրությունից, նախարարի տեղակալի առաջին այցը Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան թիվ 145 հիմնական դպրոցն էր, որը Կառավարության «300 դպրոց» ծրագրի շրջանակում վերանորոգվելուց հետո դռները բացել է աշակերտների առաջ: Այս պահին դպրոց է հաճախում 200 աշակերտ. լիցենզիոն տեղերը սահմանված են շուրջ 400: Դպրոցը հագեցվել է կրթական գործընթացը պատշաճ կազմակերպելու բոլոր պայմաններով՝ նոր գույքով ու լաբորատորիաներով, տաք սնունդ ապահովելու անհրաժեշտ միջավայրով՝ կահավորված ճաշարանով ու համապատասխան տեխնիկայով, մարզադահլիճով ու մարզագույքով, համապատասխան ենթակառուցվածքներով:

«Ուրախ եմ տեսնել այսքան ժպտուն և ուսումնառությանը պատրաստ փոքրիկների: Վստահ եմ, որ ուսումնական տարին լինելու է հետաքրքիր, հաջողություններով, ձեռքբերումներով, գիտելիքով հարուստ: Կարծում եմ՝ ունենալով նման պայմաններ՝ բարեկարգ միջավայր, նոր լաբորատորիաներ, բարեկեցիկ դասասենյակներ, ճաշարան, մարզադահլիճ, ավելի լավ եք սովորելու: Լիահույս եմ՝ մենք դպրոցի հաջողությունների մասին դեռ երկար կլսենք, քանի բոլոր ուղղություններով՝ հասարակագիտական, բնագիտական առարկաների, ոչ ֆորմալ կրթական ծրագրերի, սպորտի և արվեստի, դուք բազմակողմանի զարգանալու հնարավորություն ունեք»,- շնորհավորելով օրվա կապակցությամբ՝  ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը։

Նա նաև շեշտել է՝ նոր ուսումնական տարին հռչակվել է Ընթերցանության տարի, ինչի շրջանակում ակնկալվում է, որ բոլոր երեխաները, սկսած ամենափոքրիկներից՝ վերջացրած մինչև դպրոցի ավարտական դասարանի երեխաները, տարվա ընթացքում բազմաթիվ գրքեր կկարդան՝ բազմապատկելով իրենց գիտելիքը:

«Մենք այս տարի կենտրոնացած ենք լինելու ընթերցելու կարողությունների զարգացման, բազմապիսի գրքեր ընթերցելու և այդ շրջանակում տարբեր մրցույթներ կազմակերպելու գաղափարի շուրջ։ Հուսով եմ՝ տարեվերջին, երբ կամփոփենք Ընթերցանության տարին, կունենանք հետաքրքիր գաղափարներով հաղթողների»,- խոսքը եզրափակել է Արաքսիա Սվաջյանը՝ մաղթելով հաջողություն և ձեռքբերումներով լի տարի:

Նախարարի տեղակալն այցելել է նաև Գուրգեն Մարգարյանի անվան Երևանի թիվ 94 ավագ դպրոց, որտեղ այս տարվանից գործելու է արհեստական բանականության  ուսուցմամբ դասարան։ Քննություն հանձնելու և մրցակցային պայմանների արդյունքում ԱԲ կրթական ծրագրով սովորելու հնարավորություն ունեն 20 աշակերտներ:

«Փորձը ցույց է տալիս, որ արհեստական բանականության ծրագիրը բավական բարձր ցուցանիշներ է ապահովում՝ ներառյալ միջազգային ծրագրերում գրանցած արդյունքներ:  Եվ լինելով այդ ճանապարհի սկզբին՝ այս դպրոցի աշակերտները ևս կարող են իրենց մասնագիտական երազանքները կյանքի կոչել»,- շնորհավորանքի խոսքում ընդգծել է նախարարի տեղակալը՝  հավելելով՝ դպրոցական տարիները ապագան կառուցելու և հաջողությունների հասնելու կարևոր փուլ են:

Նա աշակերտներին մաղթել է հաղթանակներ և մեծ հաջողություններով լի  ուսումնական տարի:  Նշենք, որ Գուրգեն Մարգարյանի անվան Երևանի թիվ 94 ավագ դպրոցում սովորում է շուրջ 390 աշակերտ:

Տոնական օրը դպրոցներում նշանավորվել է աշակերտների երաժշտական և պարային կատարումներով:

 

 

  • Կիսվել: