ուրբաթ, սեպտեմբեր 11
11 / 9 / 2026
Մեկնարկում է Սունդուկյան թատրոնի 105-րդ թատերաշրջանը

Մեկնարկում է Սունդուկյան թատրոնի 105-րդ թատերաշրջանը

Շեքսպիրյան անմահ երկի՝ «Ռոմեո և Ջուլիետ»-ի ինքնատիպ մեկնությամբ ու նոր բեմադրությամբ կմեկնարկի Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 105-րդ թատերաշրջանի բացումը: Ներկայացման բեմադրիչն է Ջոն Բլոնդելլը (ԱՄՆ), որը «Լիթ Մուն» թատերական ընկերության համահիմնադիրն է, գեղարվեստական ղեկավարը և թատրոնի ռեժիսորը:

Ճանաչված ռեժիսորի հետ համագործակցությունը հնարավոր է դարձել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի և «Կերոն» զարգացման հիմնադրամի համագործակցությամբ:

Սպասվում է բեղուն թատերաշրջան

Պրեմիերայի և թատերաշրջանի բացման կապակցությամբ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանի, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի, «Կերոն» զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Վանանե Արարքցյանի, ռեժիսոր Ջոն Բլոնդելլի, թատրոնի ստեղծագործական, դերասանական կազմի մասնակցությամբ:

Տիգրան Վիրաբյանը շնորհավորել է ներկաներին նոր թատերաշրջանի մեկնարկի կապակցությամբ՝ հույս հայտնելով, որ այն լինելու է բեղուն. «Թատրոնի աշխատակազմի հետ մի շարք նախագծեր ենք քննարկել, որոնք ենթադրում են նաև համագործակցություններ պետական այլ կոլեկտիվների հետ: Օրինակ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը բեմականացում է ներկայացնելու, որտեղ կհնչի կենդանի երաժշտություն»:

Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը՝ ֆրանկոֆոնիայի հարթակ

Նախարարի տեղակալը 2027-ը Սունդուկյան թատրոնի համար կարևորել է նաև Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի համատեքստում: Ֆրանկոֆոնիայի խաղերի մի հատվածը, որը ներառում է ստեղծագործական բաղադրիչը, նույնպես տեղի է ունենալու  թատրոնի բեմահարթակներում։

«Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը երբեք չի ունեցել ստեղծագործական խիզախումների պակաս: Եվ անելիքների այն չափաբաժինն ու ծավալը, որոնք առաջարկվում են 105-րդ թատրերաշրջանի համար, թեև ռիսկային են, բայց առկա ներուժը բավարար է  անելիքի իրականացման համար։ Մենք վստահ ենք, որ այն բոլոր նախագծերը կյանքի կկոչվեն՝ բերելով հանդիսատեսի մեծ հոսք»,- ասել է Տիգրան Վիրաբյանը՝ կարևորելով թատրոններում ստեղծագործական պատասխանատուների ինստիտուտի ամրապնդումը։  

Թատերաշրջանում նախատեսվող փոփոխությունները

Բացման խոսքում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը տեղեկացրել է՝ «Ռոմեո և  Ջուլիետ» ներկայացման պրեմիերան տեղի կունենա սեպտեմբերի 12-ին, 13-ին, 18-ին: Ներկայացումը ներառում է ժամանակակից բեմական խաղաոճեր և ստեղծում է աշխարհի մեծագույն ողբերգություններից մեկի անսպասելի և անմիջական տարբերակ: 105-րդ թատերաշրջանի ընթացքում նախատեսվում է հիմնանորոգել երկու կարևոր բակային հատվածները՝ Պանո հարթակի բաց սրահը և Black Box-ին սպասարկող բաց սրահը: Գլխավոր նորություններից է նաև Բաց բեմը, որտեղ էլ կկայանա «Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման պրեմիերան: Սպասվում են նաև կրթական տարաբնույթ նախագծեր երեխաների համար:

Նոր շունչ, նոր հայացք

«Կերոն» զարգացման հիմնադրամը՝ որպես Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ռազմավարական գործընկեր, աջակցել է, որ հինգ տարի ժամկետով Հայաստան հրավիրվի ռեժիսոր Ջոն Բլոնդելլը: «Մեզ համար շատ կարևոր ուղղություն է մշակութային ծրագրերի աջակցումը: Առնվազն հինգ տարի ժամկետով Հայաստան ենք հրավիրում արտերկրի առաջատար մասնագետների, որոնք աշխատանքին զուգահեռ նաև կրթական նախագծեր են ղեկավարում՝ այդպիսով իրենց գիտելիքը կիսելով մեր երկրի տարբեր բնագավառների մասնագետների հետ: Շնորհակալ եմ այս համագործակցության համար, և վստահ ենք, որ նոր ձեռագիրը, նոր շունչը, միջազգային մասնագետների ներգրավումը իսկապես մեր երկրում կփոխեն միջավայր»,- ասել է Վանանե Արարքցյանը։

Ջոն Բլոնդելլը ներկայացրել է հրավերի նախապատմությունը, Հայաստանում Սունդուկյանի թատրոնի ստեղծագործական կազմի հետ աշխատանքի ընթացքը, ներկայացման նորություններն ու առանձնահատկությունները, առաջիկա պլանները:  

«Ես այստեղ եմ նորամուծություններ բերելու համար: Ինձ շատ հաճելի է աշխատել դերասանական այս կազմի հետ և նրանց հետ կյանքի կոչել նոր գաղափարներ»,- ասել է նա:

«Ռոմեո և Ջուլիետ» ներկայացման դերակատարներն են Արմեն Քուշկյանը, Լուսինե Կոստանյանը, Սիրանուշ Եսայանը, Տաթևիկ Միրզոյանը, Սաթենիկ Գասպարյանը, Ջուլիա Մովսեսյանը, Ռոման Բաբայանը, Ալեքսան Թադևոսյանը, Հայկ Իսրաելյանը, Արթուր Հարությունյանը, բեմանկարչությունը և բեմազգեստը՝ Բլագոյ Միցևսկիի (Մակեդոնիա), կոմպոզիտոր՝ Սայմոն Բլոնդելլ (ԱՄՆ):

Ասուլիսի ընթացքում հայտարարվել են  թատերաշրջանի պրեմիերաները:

  • Կիսվել: