երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Իտալիայից Հայաստան կփոխադրվի 5 բնական հիդրավլիկ կրաքար՝ Երերույքի տաճարում աշխատանքներ իրականացնելու համար

Իտալիայից Հայաստան կփոխադրվի 5 բնական հիդրավլիկ կրաքար՝ Երերույքի տաճարում աշխատանքներ իրականացնելու համար

Ավարտվել են բանակցություններն իտալական Brigliadori Fornace Calce կազմակերպության հետ, և առաջիկա օրերին կկազմակերպվի իտալական արտադրության շուրջ 20 տոննա NHL 5 բնական հիդրավլիկ կրաքարի (կիր) փոխադրումը Իտալիայից Հայաստան՝ Երերույքի տաճարի ամրակայման, մասնակի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար։

ԿԳՄՍՆ «Պատմամշակութային Ժառանգության Գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի հաղորդմամբ, ներկայում ընթանում են նախապատրաստական վերջին աշխատանքները, որոնցից հետո տաճարի տարածքում կմեկնարկեն արդեն ծրագրով նախատեսված միջոցառումները:

«2023 թ․ վերջին ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» հետ կնքված դրամաշնորհային պայմանագրի շրջանակներում և Գնումների մասին ՀՀ օրենսդրության պահանջներին համապատասխան՝ Երերույքի տաճարի ամրակայման, մասնակի վերականգնման աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթում հաղթող է ճանաչվել «ԼԵՎԳՈՒԿ» ՓԲԸ-ն։ Աշխատանքների որակի տեխնիկական հսկողության ծառայությունն իրականացնելու է «Վանարխ» ՍՊԸ-ն։ Օրենսդրության պահանջին համապատասխան՝ տաճարում ընթացիկ աշխատանքների նկատմամբ հեղինակային հսկողությունն իրականացնելու է «Երերույքի տաճարի և դամբարանի թաղերի ամրակայմում» նախագծի հեղինակ «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամը։ Այսպիսով, ավարտվել է նշյալ բոլոր կազմակերպությունների հետ պայմանագրերի կնքման աշխատանքը, որոնց հիման վրա ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը թույլատրել է հանրապետական նշանակության հուշարձանի ամրակայման աշխատանքները»,- տեղեկացնում են ՊՈԱԿ-ից։

 

  • Կիսվել: