երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Երիտասարդությանը շոկի ենթարկող ինֆորմացիա և բովանդակություն է հարկավոր. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի ԺՊ-ն հավակնոտ ծրագրեր ունի

Երիտասարդությանը շոկի ենթարկող ինֆորմացիա և բովանդակություն է հարկավոր. Ստանիսլավսկու անվան թատրոնի տնօրենի ԺՊ-ն հավակնոտ ծրագրեր ունի

Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտավորություններն օրերս ստանձնել է ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը: Նա շատ ոգևորված է, որ թատրոնում իրեն ջերմ են ընդունել, պատրաստակամ աշխատելու և համատեղ ուժերով թատրոնը նորանոր բարձունքների հասցնելու:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սուրեն Շահվերդյանը մանրամասներ է հայտնել առաջիկա ծրագրերից, սպասվող առաջնախաղերից և համագործակցություններից:

«Միշտ կողմնակից եմ եղել, որ ներկայացումներ բեմադրվեն ոչ միայն մեծ բեմում, այլև թատրոնի այլ հարթակներում: Տարիներ առաջ ռուսական թատրոնում փոքր բեմ է կառուցվել, որը շատ լավ գործում է, բայց հիմա նախատեսում ու նախագծում ենք ևս մի քանի թատերական հարթակ ստեղծել. կլինի մեկ այլ փոքր բեմ «Black Box» ձևաչափով, որը կզինենք լավագույն տեխնիկայով: Նպատակ ունենք չորրորդ հարթակը բացել, որը, վստահ եմ, կսիրեն հատկապես երիտասարդները: Ամեն նոր նախագծի հետ այդ հարթակը կփոխվի. հասկանալի չի լինի, թե մյուս ներկայացմանը հանդիսատեսը որ հատվածում կնստի: Իմ երազանքն է, որ այն լինի մի վայր, ուր կայցելեն երիտասարդները, կգան թատրոն ու կտեսնեն մի բան, որը չի առաջարկվում այլ թատրոններում: Այդ գաղափարը ծնվել է Լիտվայում աշխատելու ընթացքում: Այնտեղ բացի հիմնական բեմից կար նաև երիտասարդական հարթակ, որտեղ ոչ միայն ներկայացումներ էին, հանդիպումներ սիրված արտիստների հետ, այլև խենթ միջոցառումներ»,-պատմում է նա:

Շահվերդյանը շնորհակալ է թատրոնի նախորդ տնօրենին՝ Մարիաննա Մխիթարյանին, քանի որ նրա կառավարման ընթացքում ռուսական թատրոնը մեծ առաջընթաց է գրանցել, իսկ վերջերս վերազինվել է լուսային տեխնիկայով: Սուրեն Շահվերդյանը ժառանգել է մի բեմ, որը լուսային սարքավորումների հետ խնդիր չունի, ինչը կարևորում է:

Նա ծրագրում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ մոտ ապագայում ճեմասրահներն ավելի ժամանակակից դարձնել, դահլիճի աթոռները փոխել, քանի որ դրանք հին են, որոշ աթոռներ կոտրվում են:

Շահվերդյանը փորձելու է թատրոնը հասանելի դարձնել նաև այլ ստեղծագործողներին: «Լինելով ռեժիսոր՝ երկար ժամանակ աշխատելու հարթակ չեմ ունեցել, ուստի շատ լավ հասկանում եմ այն ռեժիսորների ցավը, որոնք նման իրավիճակում են: Ստանիսլավսկու թատրոն հրավիրված ռեժիսորներից է Գոռ Մարգարյանը: Նա այս թատրոնում բեմադրել է «Գարդենիա» ներկայացումը, որը ոչ միայն Հայաստանում, այլև արտերկրում է հաջողության  հասել, մասնակցել փառատոնների: Ծրագրում ենք արտերկրից ռեժիսորի հրավիրել. արդեն նախնական պայմանավորվածություններ կան:  Դրսում ստեղծագործող մարդը, որն աշխատում է տարբեր թատրոններում և հաջողության է հասել, շատ բան կարող է տալ արտիստներին:  Թատերախումբը կտեսնի, թե ինչպես է աշխատում այլ մշակույթի կրող ռեժիսորը, այլ գեղագիտությամբ ռեժիսորը»,-ընդգծում է Շահվերդյանը:

Սուրեն Շահվերդյանը տարիներ շարունակ բեմադրություններ է արել տարբեր թատրոններում, աշխատել է նաև միջազգային բեմերում: Նրա ներկայացումները սիրվել են, արժանացել են մրցանակների: Ռեժիսորը համագործակցել է նաև Ստանիսլավսկու անվան թատրոնի հետ: Բեմադրել է «Թագավորների խաղը» ներկայացումը, որով մասնակցել են չեխովյան հայտնի թատերական փառատոնին: Շահվերդյանը վարպետության դասեր է անցկացրել, արժանացել թատերագետների բարձր գնահատականին: Կարծում է՝ Ստանիսլավսկու թատրոնում իրեն նման կարևոր պաշտոն են առաջարկել՝ նաև հաշվի առնելով այդ հանգամանքը:

Խոստովանում է՝ զբաղվածության պատճառով ապագայում ներկայացումներ բեմադրելու ժամանակ չի ունենա, սակայն մինչ իր նշանակումը թատրոնում նախաձեռնել էր «Ես Էդիթ Պիաֆն եմ» մոնոներկայացումը՝ Ելենա Վարդանյանի դերակատարմամբ: Շարունակում են աշխատել բեմադրության վրա, որը հանդիսատեսի դատին են հանձնելու հունվարի 23, 24, 25-ին:

Շահվերդյանն ընդգծում է՝ ռուսական թատրոնի առանձնահատկություններից մեկը  լեզուն է:  «Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում ղեկավարում եմ  երկրորդ կուրսը: Քսաներեք երիտասարդ լսարան է մտնում, և երբ առաջարկում եմ այս կամ այն հայտնի ներկայացման ձայնագրությունը դիտել, որը ռուսերեն է, լուրջ խնդիր է առաջանում, քանի որ շատ ուսանողներ չեն տիրապետում ռուսաց լեզվին: Մենք պետք է  աշխատենք այնպես, որ կարողանանք բավարար գումար վաստակել, որ հնարավոր լինի իրականացնել մեր երազանքները, մեր պատկերացրած ռուսական թատրոնը բարձունքում պահել»,-ասում է նա և հավելում՝ թատրոնը շարունակելու է խաղացանկում ներառել և՛ դասական, և՛ ժամանակակից հեղինակների գործեր:

Սուրեն Շահվերդյանն առանց դասական դրամատուրգիայի իր կյանքը չի պատկերացնում: Ըստ նրա՝ դասական հեղինակներին նորովի մոտեցմամբ հնարավոր է այնպես ներկայացնել ու գայթակղել, ինչպես հնարավոր չէ անել որևէ ժամանակակից ստեղծագործությամբ: «Համաշխարհային դասական դրամատուրգիան բարձր որակ ունի և երբևիցե չի դառնում ոչ արդիական, այն միշտ արդիական է: Իհարկե, մեր խաղացանկում միշտ լինելու են դասական ստեղծագործություններ, պիեսներ, այլ բան է, թե ինչքանով ենք կարող նորովի մատուցել: Դասական դրամատուրգներին յուրովի են բեմադրելու, որովհետև  հասկանում ենք, որ այսօր ունենք մի երիտասարդություն, որին շատ արագ տեղեկատվություն է հարկավոր, շատ արագ փոփոխություն, շոկի ենթարկող ինֆորմացիա և բովանդակություն: Այն ժամանակ դասական գործերի տեմպն ու ռիթմն այլ էին: Պետք է հասկանալ ժամանակակից թատրոնում ինչ շունչ ու ձև է հարկավոր տալ դրանց, որ թատերասերին հետաքրքիր լինի»,-հավաստիացնում է տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:

Թատրոնում հատուկ հարթակներ կլինեն՝ ստեղծված ժամանակակից ստեղծագործությունների համար. կլինեն ներկայացումներ պլաստիկ լուծումներով, կենդանի երաժշտությամբ:

Ամանորի առթիվ ռուսական թատրոնում մանկական ներկայացումներ էին խաղում, ինչի շնորհիվ դահլիճում հնարավոր էր տեսնել բազմաթիվ փոքրիկների, նրանց ծնողներին, որոնք հետաքրքրությամբ էին դիտում բեմադրություններն ու վայելում: «Տեսնում եմ հասարակության այն շերտը, որը գնալով պակասում է. մեր մտավորականությունը, մտածող մարդիկ, որոնց համար ավանդույթ է ռուսական թատրոն գալը, տարեց մարդկանց եմ տեսնում, որ շարունակում են գալ թատրոն և հետևել խաղացանկին: Կա հանդիսատեսի մի շերտ, որ ներկա է բոլոր առաջնախաղերին: Մեր այս տարվա ծրագրերում նախատեսում ենք թիրախային դարձնել երիտասարդությանն ու փորձել այնքան հետաքրքիր լինել, որ լեզվի խոչընդոտը չխանգարի»,-ասում է նա:

Շահվերդյանը կարևորում է նաև տոմսերի գների քաղաքականությունը, որը վերանայելու են: Նա ցանկանում է, որ արտիստներն այնքան վարձատրվեն, որ երկրորդ կամ երրորդ աշխատանքի մասին ստիպված չլինեն մտածել:

Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը հավաստիացնում է՝ ռուսական թատրոնում աշխատում են թատրոնի նվիրյալներ, որոնք շատ բան են զոհաբերում բեմում լինելու, արարելու, ստեղծագործելու համար: Ինքը կանի հնարավոր ամեն բան, որ արդարացնի և՛ թատերախմբի, և՛ հանդիսատեսի հույսերը:

  • Կիսվել: