ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Երևանում ելույթ ունեցան «Նոր անուններ» հիմնադրամի կրթաթոշակառուները

Երևանում ելույթ ունեցան «Նոր անուններ» հիմնադրամի կրթաթոշակառուները

Ռուսական, հայկական և համաշխարհային դասական ստեղծագործությունները կրկին հնչեցին Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի հարկի տակ՝ Իվետա Վորոնովայի անվան «Նոր անուններ» բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառուների, պատանի հայ և ռուսաստանցի անվանի արտիստների կատարմամբ։

Համերգի բացումը նշանավորվեց խորհրդանշական արարողությամբ՝ «Նոր անուններ» հիմնադրամի փոխնախագահ Ալեքսանդր Պետրոսյանը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Հայկ Մելիքյանը միասին վառեցին մոմ, որը խորհրդանշում է արվեստի լույսը և սերնդափոխությունը։

Իր ողջույնի խոսքում Ալեքսանդր Պետրոսյանը գոհունակություն հայտնեց, որ «Նոր անուններ» հիմնադրամի համերգները կրկին գրանցվել են Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում։ «Հույս ունեմ, որ այս հրաշալի դահլիճում մեր ելույթները բարի ավանդույթ կդառնան։ Այսօր այս բեմում ելույթ կունենան ռուսաստանցի և հայ տաղանդավոր երիտասարդներ, ինչը վկայում է, որ մեր մշակույթներն ու ժողովուրդները խորապես փոխկապակցված են», – ընդգծեց նա՝ շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին։

Համերգի հատուկ հյուրերն էին Ռուսաստանից ժամանած անվանի երաժիշտներ՝ Եվգենիա Աֆանասևան (վոկալ), Անտոն Սիլվեստրովը (ֆլեյտա) և Ելենա Պոպկովան (դաշնամուր)։

«Սա իմ առաջին այցն է Հայաստան և այստեղ ես հանդիպեցի բազմաթիվ տաղանդավոր մարդկանց, ինչպես նաև շնորհալի երեխաների, որոնց հետ վարպետության դասեր անցկացրինք։ Վստահ եմ, որ բոլոր նրանք, ովքեր այսօր հանդես եկան այս բեմում, ապագայում իսկական աստղեր կդառնան», – մեզ հետ զրույցում նշեց Ստանիսլավսկու և Նեմիրովիչ-Դանչենկոյի անվան Մոսկվայի երաժշտական ​​թատրոնի մեներգչուհի Եվգենիա Աֆանասևան։

«Որպես «Նոր անուններ» հիմնադրամի կրթաթոշակառու՝ ինձ համար հաճույք է ելույթ ունենալ տարբեր քաղաքներում ու երկրներում։ Իհարկե, միշտ հուզիչ է հանդես գալ նոր վայրում, բայց երևանյան հանդիսատեսը մեզ շատ ջերմորեն ընդունեց, հատկապես Արամ Խաչատրյանի ստեղծագործության մեր կատարումը», – խոստովանեց Կատարողական արվեստների ակադեմիայի սան Աննա Կատենինան։

Երեկոն կազմակերպել էին Մոսկվայի կառավարությունը, Մոսկվայի արտաքին տնտեսական և միջազգային հարաբերությունների վարչությունը և Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնը։

«Մենք շատ ուրախ ենք անցկացնել նման հրաշալի երեկոներ, որոնք ոչ նպաստում են պատանի տաղանդների առաջխաղացմանը, այլև միավորում են թե՛ նրանց և թե՛ մեր մշակույթները», – մեզ հետ զրույցում ընդգծեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի տնօրեն Հայկ Մելիքյանը։

  • Կիսվել: