Երևանի քաղաքապետարանը ներկայացրել է մշակութային ոլորտում նախատեսվող մի շարք կարևոր նախագծեր
2025թ. դեկտեմբերի 18-ին և 19-ին Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնում կայացած առաջնախաղից հետո «Սասունցի Դավիթ» բալետ-օրատորիայի բեմադրությունն արժանացավ հանդիսատեսի բուռն ընդունելությանն ու ընդգրկվեց օպերային թատրոնի մշտական խաղացանկ. այս կարճ ժամանակահատվածում հանրությանը ներկայացվել է 8 անգամ: Նախագծում ներգրավված են Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 400 սովորողներ: Բալետ-օրատորիայի հաջորդ ցուցադրությունները կկայանան մայիսի 5-ին և 6-ին, այնուհետև, նոր թատերաշրջանին ընդառաջ, ռոտացիայի սկզբունքով նախագծում կներգրավվեն ևս 250 աշակերտներ:
***
Հունիսին նախատեսվող բալետային փառատոնի ընթացքում կներկայացվի ևս մեկ կարևոր նախաձեռնություն: Երևանի քաղաքապետի հրավերով այժմ Երևանում է աշխարհահռչակ բալետմայստեր Իլյա Ժիվոյը, որն իրականացնում է հայկական «Ախթամար» լեգենդի հիման վրա ստեղծված «Թամար» բալետային նոր ստեղծագործության բեմադրությունը: Ժամանակակից լուծումներով այս բեմադրությունը նույնպես համալրելու է օպերային թատրոնի խաղացանկը: Կոմպոզիտոր Վալերի Տոլստովի երաժշտության հիման վրա գրված ստեղծագործությունը լինելու է ժամանակակից նեոդասական ոճով բալետային բեմադրություն. այժմ պատրաստվում են ներկայացման դեկորացիաները, զգեստները մեծ թափով շարունակվում են բեմադրական միջոցառումները:
***
«Արտիստը՝ դպրոցին» ծրագրի համաձայն վարպետության դասեր է անցկացրել ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանը (Թաթոս): Ծրագիրն իրականացվել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 20 արվեստի դպրոցներում, որին մասնակցել են շուրջ 1000 դպրոցականներ։ Վարպետության դասերի ընթացքում ստեղծված աշակերտական լավագույն աշխատանքները՝ ավելի քան 200, ցուցադրվել են Հայաստանի նկարիչների միությունում: Ցուցահանդեսից բացի տպագրվել է ծրագրին մասնակից երեխաների աշխատանքների պատկերագիրքը:
***
Առաջին անգամ Հայաստանում կազմակերպվում է գեղարվեստական տպագրության մանկապատանեկան փառատոնը: Քաղաքապետի հրավերով Երևան են ժամանել և ոլորտի լավագույն մասնագետները՝ Բրազիլիայից, Մեքսիկայից, Չինաստանից ու Լեհաստանից և այժմ վարպետության ամենօրյա դասեր են անցկացնում համայնքապատկան դպրոցներում: Դասերը կտևեն ավելի քան մեկուկես ամիս, իսկ հունիսի 1-ին Հայ-Արտ մշակութային կենտրոնում կկայանա գեղարվեստական տպագրության ժանրում ստեղծված մանկական աշխատանքների առաջին ցուցահանդեսը և կտպագրվի փառատոնի պատկերագիրքը:
***
Երևանի ենթակայության երաժշտական և արվեստի 4 դպրոցներում ստեղծվել են տեխնիկապես հագեցած դասարաններ, որտեղ դասավանդումը կկազմակերպվի ժամանակակից մեթոդներով՝ տեսանյութերի, ձայնագրությունների, ինտերակտիվ և թվային այլ գործիքների կիրառմամբ։ Նշված դպրոցներում տեղադրվել են ինտերակտիվ գրատախտակներ, ձեռք են բերվել մասնագիտացված համակարգչային ծրագրեր, դասասենյակներն ապահովվել են գերարագ համացանցով, այլ տեխնիկական միջոցներով, ինչը մեծապես նպաստելու է երաժշտական և արվեստի դպրոցների աշակերտների մասնագիտական աճին՝ ապահովելով մրցունակությունը հետագա մասնագիտական կրթության փուլերում։
***
Շուրջ 60 տարվա ընդմիջումից հետո այս տարի իրականացվում է երաժշտական և արվեստի դպրոցների համար դաշնամուրների և ռոյալների ձեռքբերման համալիր ծրագիրը: 30 ռոյալները, որոնցից 14-ը ճապոնական «Կավաի» մակնիշի են, արդեն ձեռք են բերվել և շուտով կլինեն Հայաստանում, իսկ մյուս 16-ի առումով առաջիկայում կհայտարարվի մրցույթ: Երաժշտական և արվեստի դպրոցներում հիմնական երաժշտական գործիքները՝ դաշնամուրներն ու ռոյալները, այլևս չեն համապատասխանում ուսուցման և կրթության տարրական պահանջներին: Վերջին անգամ դրանք համալրվել են խորհրդային ժամանակաշրջանում:
***
Աջափնյակ վարչական շրջանում գործող Միքայել Միրզոյանի անվան երաժշտական և հ. 188 դպրոցներին հարող տարածքում այժմ ընթանում են նոր կենտրոնի՝ բացօթյա «Արև Արենա» համերգասրահի ստեղծման աշխատանքները: Բացառիկ այս կառույցը մասնակի վերանորոգելուց և տեխնիկապես վերազինելուց հետո հնարավոր կլինի ստանալ մշակութային նոր հարթակ՝ նախատեսված համերգային ծրագրերի, ամառային ճամբարների, ցուցահանդեսների, մշակութային-կրթական ժամանցի կազմակերպման այլ ծրագրերի համար: «Արև Արենա»-ն, նախնական հաշվարկներով, գործունեության ընթացքում յուրաքանչյուր տարվա ընթացքում կարող է սպասարկել շուրջ 8000 շահառուի, իսկ ամռան ամիսներին շուրջ 400 երեխաների համար անվճար հիմունքներով կգործի մշակութային-կրթական ճամբար:


