երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Աթենքում անցկացվել է «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները» թեմայով դասախոսություն

Աթենքում անցկացվել է «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները» թեմայով դասախոսություն

Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության շենքում տեղի է ունեցել Հունաստանում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված փոքրասիական աղետի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքից ևս մեկ միջոցառում:

 

Միջոցառմանը ներկա են եղել Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության անդամներ, Հունաստանի կառավարության պաշտոնյաներ, խորհրդարանականներ, հայ հոգևոր դասի ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված դիվանագետներ, համայնքի կազմակերպությունների բազմաթիվ ներկայացուցիչներ:

Ողջույնի խոսքով հանդես է եկել Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության նախագահ տիկին Մարիա Անդոնիադուն: Ներկաներին ողջունել ու ելույթով հանդես է եկել Հունաստանում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Անդրադառնալով միջոցառմանը՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հունաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմակերպվող փոքրասիական աղետին` Զմյուռնիայի 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շարքից մայիսի 31-ի միջոցառումը տարբերվում է մնացածներից, քանի որ միջոցառման գլխավոր բանախոսը ժամանել է Հայաստանից՝ հանձին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի գիտնական, պատմական գիտությունների թեկնածու տիկին Թեհմինե Մարտոյանի:

Դեսպան Մկրտչյանը կարևորել է նաև դասախոսության թեման՝ «Զմյուռնիայի աղետի հայ ականատեսների չհրապարակված վկայությունները», բնութագրելով այն որպես եզակի: Դեսպանն ընդգծել է, որ խոսքը մինչ այժմ չհրապարակված և մեծ արժեք ներկայացնող հայերի վկայությունների մասին է՝ նշելով, որ այդ վկայությունները մեծ կարևորություն ունեն ոչ միայն հայ ժողովրդի, այլև Հունաստանի պատմության համար: Դեսպանն արձանագրել է, որ խոսքը ինչպես 1922 թվականից առաջ, այնպես էլ 1922 թվականի և դրանից հետո Զմյուռնիայի քրիստոնյա բնակչության` հայերի և հույների ճակատագրերի, ընդհանուր պատկերի և զարգացումների մասին է:

Անդրադառնալով դասախոսությունում ներկայացված վկայություններին, հուշերին՝ դեսպան Մկրտչյանը նշել է, որ Օնիկ Ղազերյանի «Կենսագրական նոթերը» և Միքայել Բարթիկյանի «Արնաշաղախ Իզմիրը» կարևոր տեղեկություններ են տալիս Զմյուռնիայի հայերի և հույների խաղաղ կյանքից, առօրյայից, այդ քրիստոնյա քաղաքի անցուդարձից, բայց նաև տեղեկացնում` հայերի և հույների նկատմամբ ատելություն սերմանելու, զանգվածային բռնությունների, ծրագրված սպանությունների, բռնի տեղահանության և քաղաքի մահմեդականացման վերաբերյալ։

Ավարտելով իր խոսքը՝ դեսպան Մկրտչյանը հույս է հայտնել, որ կհաջողվի նաև հունարեն թարգմանաբար ներկայացնել այդ հուշերը՝ դրանք հասանելի դարձնելով նաև Հունաստանի լայն շրջանակներին:

Միջոցառմանը հիմնական ելույթով հանդես է եկել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հիմնադրամի ավագ գիտաշխատող տիկին Թեհմինե Մարտոյանը: Իր խոսքում նա նշել է, որ դասախոսությունում ներկայացված և դեռևս չհրապարակված վկայությունների, հուշերի օգնությամբ փորձ է արվում բարձրացնել հայերի և հույների բռնի տեղահանությունների, հայերի և հույների բնաջնջման ընդհանուր գործընթացի մասին իրազեկման մակարդակը:

Մասնագետը նշել է, որ վկաների պատմությունները, հուշերը չափազանց մեծ դեր ունեն լույս սփռելու տեղի ունեցածի վրա, ինչպես նաև անգնահատելի աղբյուր են հանդիսանում յուրաքանչուր գիտնականի համար, իսկ անհատի անձնական հույզերի բացահայտումը և վերլուծությունը նպաստում են մի ամբողջ ազգի հավաքական վերքը բուժելու ուղիներ գտնելու և հասկանալու, միմյանց հետ կիսվելու միջոցով: Հուշերի հեղինակների միկրոպատմությունները միահյուսվում են հայ և հույն ժողովուրդների ցեղասպանությունների մակրոպատմությունների հետ:

Միջոցառումը համակարգել է Աթենքի թերթերի խմբագիրների ընկերակցության կրթական հիմնադրամի տնօրենների խորհրդի անդամ լրագրող Գրիգոր Ցակիձյանը:

  • Կիսվել: