Աթենքում նշվել է Հայաստանի Հանրապետության Անկախության օրը
Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձի առթիվ Հունաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է համերգ-ընդունելություն Պիրեուսի պատմական քաղաքային թատրոնում։ Միջոցառմանը համերգային կատարումներով հանդես են եկել Հայաստանից հրավիրված տաղանդաշատ քանոնահար Նարեկ Կազազյանը և դաշնակահարուհի Անահիտ Դիլբարյանը։
Հայաստանի անկախության տարեդարձին նվիրված միջոցառմանը ներկա էին Հունաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Դիմիտրիոս Խուպիսը, Հունաստանի բանակի և պաշտպանության նախարարության բարձր սպայակազմը, Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, նախագահականի, կառավարության, ԱԳՆ, մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Հունաստանում հավատարմագրված երեք տասնյակից ավելի դեսպաններ, բազմաթիվ դիվանագետներ և ռազմական կցորդներ, Հունաստանում հայ առաքելական և կաթոլիկ եկեղեցիների առաջնորդները, հոգևորականներ, լրագրողներ, Աթենքից և Հունաստանի տարբեր շրջաններից, այդ թվում՝ Սալոնիկից, Կրետեից, Պատրայից, Կալամատայից միջոցառմանը հրավիրված հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ։
Բացման խոսքով հանդես է եկել Հունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, ով անդրադարձել է անցնող տարում Հայաստանի արտաքին քաղաքական ձեռքբերումներին, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Հունաստան հարաբերություններին, Հայաստան-Հունաստան հարաբերություններում հունահայ համայնքի դերակատարությանը։
Նա նշել է․«Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության անկախության 34-րդ տարեդարձը։ Նախկինում բազմաթիվ առիթներով անկախությանը նվիրված միջոցառումների համեմատ այս անգամ թերևս առաջին անգամ կարող եմ նշել, որ, չնայած աշխարհի տարբեր անկյուններում աճող անկայունությանը, մեր տարածաշրջանում հույս է ծնվել, որ զարգացումները կընթանան խաղաղության ու համագործակցության ոգով։ Այդ հույսը հիմնված է Վաշինգտոնում այս տարվա օգոստոսին ԱՄՆ նախագահի միջնորդությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի նախագահի կողմից հրապարակած հռչակագրի, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարների կողմից խաղաղության պայմանագրի նախաստորագրման փաստի վրա։ Համաձայն վերոհիշյալ Հռչակագրի՝ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ Սույն նախագծով Հայաստանի տարածքով անցնելու են երկաթուղի, ավտոճանապարհ, խողովակաշարեր, էլեկտրահաղորդման գծեր, որոնք Արևելքը կապելու են Արևմուտքին։ Այս համաձայնության արդյունքում նաև Հյուսիսն է կապվելու Հարավին։ Այն ամբողջապես տեղավորվում է Հայաստանի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի տրամաբանության մեջ։
Անշուշտ, խաղաղության պայմանագրի հնարավորինս շուտ, առանց նախապայմանների և վերջնական ստորագրումից հետո կարելի կլինի ավելի վստահ խոսել տարածաշրջանային խաղաղության մասին»։
Անդրադառնալով Հայաստան-Հունաստան հարաբերություններին՝ Տիգրան Մկրտչյանը ասել է․«Տարվա ընթացքում շարունակել է ինտենսիվ քաղաքական երկխոսությունը երկու երկրների կառավարությունների և Արտաքին գործերի նախարարությունների միջև։ Ինչպես միշտ, կարևորագույն ոլորտներից պաշտպանական ուղղությամբ շարունակվել է ակտիվ համագործակցությունը՝ ներառելով նաև ՀՀ ՊՆ նախարարի աշխատանքային և ապա, ՀՀ Գլխավոր շտաբի պետի պաշտոնական այցերը տարվա ընթացքում։ Մեծ առաջընթաց ենք արձանագրել կրթության, գիտության և մշակույթի ոլորտում համագործակցությունում՝ ամռանը Հայաստանի ԿԳՄՍ նախարարի Հունաստան կատարած պաշտոնական այցելությամբ և վերոհիշյալ ոլորտներում հինգ փաստաթղթերի ստորագրությամբ, ինչն աննախադեպ էր մեր երկրների միջև այդ ոլորտների համագործակցության պատմության ընթացքում։ Բավական ակտիվ երկխոսություն է ծավալվել նաև զբոսաշրջության և բարձր տեխնոլոգիաների բնագավառներում համագործակցությունը էլ ավելի բարձրացնելու ուղղությամբ։ Այս ամենն, ի վերջո, հուսով եմ, որ հանգեցնելու է Հայաստանի և Հունաստանի միջև ռազմավարական համագործակցության հաստատմանը շատ մոտ ապագայում»։
Միջոցառման մշակութային հատվածում Նարեկ Կազազյանը և Անահիտ Դիլբարյանը հանդես են եկել հայ և հույն ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունների կատարումներով։
Այնուհետև թատրոնի սպասասրահում միջոցառումն ամփոփվել է պաշտոնական ընդունելությամբ, որի ընթացքում ներկաներն օգտվել են հայկական ուտեստներից և խմիչքներից:


