Արամ Խաչատրյանի 2-րդ սիմֆոնիան և Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերներ»-ի հատվածներ ներկայացվեցին
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը դիրիժոր Շահին Դանեշվարի ղեկավարմամբ ներկայացրել է հատվածներ Հեշմաթ Սանջարիի «Պարսկական պատկերներ» ստեղծագործությունից և Արամ Խաչատրյանի Երկրորդ` «Զանգով սիմֆոնիան»։
Կոմպոզիտոր, դիրիժոր Հեշմաթ Սանջարին 20-րդ դարի պարսկական սիմֆոնիկ երաժշտության թերևս ամենանշանավոր ներկայացուցիչն է։ Կոմպոզիտորը հեղինակել է սիմֆոնիկ, երգչախմբի և նվագախմբի համար ստեղծագործություններ։
«Պարսկական պատկերները» Սանջարիի ամենահայտնի ստեղծագործությունն է։ Նա այստեղ յուրահատուկ կերպով համադրել է արևմտյան սիմֆոնիկ երաժշտության ավանդույթները պարսկական ժողովրդական երաժշտության ոգու, գույների և մեղեդիների հետ։
Դիրիժոր Շահին Դանեշվարը նշում է, որ իր երազանքն է եղել ղեկավարել Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան։ Նա ասում է, որ միշտ ոգեշնչվել է Խաչատրյանի արվեստով, հատկապես Երկրորդ սիմֆոնիայով։ Իրանում Շահին Դանեշվարը ներկայացրել է նաև հատվածներ Արամ Խաչատրյանի այլ ստեղծագործություններից, ինչպես նաև՝ Առնո Բաբաջանյանի Հերոսական բալլադը։
Խաչատրյանն իր Երկրորդ սիմֆոնիան գրել է 1943 թվականին։ Այն նվիրված է Հայրենական մեծ պատերազմին։ Ստեղծագործության մասին խոսելիս կոմպոզիտորն ասել է․
«Սիմֆոնիան ստեղծելիս ես ձգտում էի երաժշտության միջոցով արտահայտել այն մտքերն ու զգացումները, որոնցով այսօր ապրում է մեր ժողովուրդը»։ Հետաքրքիր է, որ սիմֆոնիայի երկրորդ մասում կոմպոզիտորն օգտագործել է Ավետիք Իսահակյանի բանաստեղծության հիման վրա ստեղծված «Որսկան ապեր» երգի մեղեդին, որն իր մանկության տարիներին երգում էր մայրը։