Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը Հնդկաստանին Ջամմուի և Քաշմիրի հարցում. ԱԺ նախագահի տեղակալը՝ ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 23-ին խորհրդարանում ընդունել է Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
ԱԺ փոխնախագահը կարեւորել է վերջին տարիների երկկողմ բարձրաստիճան այցերը, խորհրդարանական ակտիվ փոխգործակցությունը, արտաքին գերատեսչությունների եւ պաշտպանության նախարարությունների միջեւ երկխոսությունները: Հայաստանում Հնդկաստանի ռազմական կցորդի նշանակումը Հակոբ Արշակյանը կարեւոր քայլ է որակել:
Հակոբ Արշակյանը ներկայացրել է տարածաշրջանային զարգացումները՝ վերահաստատելով՝ Հայաստանը հետեւողականորեն հանդես է գալիս Հարավային Կովկասում եւ նրա սահմաններից դուրս խաղաղության օգտին: Անդրադարձ է եղել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցություններին: Չլուծված հումանիտար խնդիրների առումով կարեւորվել է Բաքվում պահվող հայ ռազմագերիների եւ կալանավորված այլ անձանց ազատ արձակումը: Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման համատեքստում ներկայացվել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: