ուրբաթ, մայիս 23
23 / 5 / 2025
Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգեւոր հայր. Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունը

Փաշազադեն՝ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության հոգեւոր հայր. Արցախի պահպանության կոմիտեի հայտարարությունը

Կովկասի մահմեդականների վարչության ղեկավար Ալլահշուքյուր Փաշազադեի հերթական հայտարարությունը ոչ այլ ինչ է, քան հայատյացության դրսևորում, որն արտացոլում է նրա իրական՝ վտանգավոր և պատերազմ հրահրող դեմքը: Փաշազադեն, ով պաշտոնապես ներկայացվում է որպես հոգևոր առաջնորդ, իրականում որևէ կապ չունի հոգևոր արժեքների և կրոնի հետ: Նա վաղուց դադարել է լինել կրոնական գործիչ՝ վերածվելով ռազմատենչ և ագրեսիվ քարոզչի, որն ամեն կերպ խրախուսում և արդարացնում է Ադրբեջանի ցեղասպանական գործողությունները հայ ժողովրդի դեմ:

Ալլահշուքյուր Փաշազադեն ոչ միայն ատում է հայերին, այլև բացահայտորեն արհամարհում է ողջ հայկական մշակույթը, պատմությունը և ազգային ինքնությունը: Նրա հայտարարությունները, որոնցում հազարամյակների պատմություն ունեցող Էջմիածինն անվանում է «ադրբեջանական պատմական հող», անպարկեշտության և անհեթեթության գագաթնակետն են։ Փաշազադեն գիտակցաբար իրականացնում է Ադրբեջանի իշխանությունների հայատյաց քաղաքականությունը՝ հանուն ռեժիմի պահպանման և իր անձնական շահերի, միևնույն ժամանակ անտեսելով բոլոր կրոնական և բարոյական նորմերը:

Այս անձնավորությունն իր երկարամյա պաշտոնավարման ընթացքում մշտապես սերմանել է թշնամանք և ատելություն, ուղղակիորեն մասնակցել Արցախի ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանական գործողությունների արդարացմանն ու խրախուսմանը: Նրա ակտիվ դերակատարումը Արցախի մշակութային և հոգևոր ժառանգության ոչնչացման քաղաքականության մեջ անժխտելի է: Հենց նա է մշտապես հանդես եկել հայտարարություններով, որոնք դարձել են հայ ժողովրդի դեմ ռազմական ագրեսիայի գաղափարական հիմք՝ կրոնական քողի տակ արդարացնելով ռազմական հանցագործությունները:

Ադրբեջանական վարչակարգի այս գործիչը, որը ներկայանում է հոգևոր առաջնորդի դիմակի տակ, իրականում ոչ մի սրբություն չունեցող, վտանգավոր և անպատասխանատու անձ է, որի գործողությունները միայն սրում են տարածաշրջանում առկա իրավիճակը՝ նպաստելով պատերազմի և բռնության նոր ալիքների առաջացմանը:

Նրա վերջին նախաձեռնությունը՝ այսպես կոչված «Երևանի մասնաճյուղի» («ղազիյաթ») ստեղծումը, ուղղակի սադրանք է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ: Սա ոչ այլ ինչ է, քան հայ ժողովրդի նկատմամբ ուղիղ մարտահրավեր, որի իրական նպատակը նոր պատերազմի նախապատրաստումն է:

Մենք հայտարարում ենք, որ Ալլահշուքյուր Փաշազադեն, ինչպես Ադրբեջանի բոլոր ղեկավարները, պետք է պատասխանատվության ենթարկվեն մարդկության դեմ իրականացված հանցագործությունների համար։ Նրանց մեղսակցությունը Արցախում կատարված ցեղասպանությանը ոչ մի դեպքում չի մնալու անպատիժ։

Արցախի պահպանության կոմիտեն կոչ է անում միջազգային հանրությանը չանտեսել նման բացահայտ ատելության քարոզը, որը խաթարում է տարածաշրջանային անվտանգությունն ու սպառնում խաղաղությանը և կայունությանը:

  • Կիսվել: