Առաջին դասարանցիների ընդունելությունը կրկին խնդիրներով. ո՞րն է եղել պատճառը
Հանրապետությունում առաջին դասարանցիների ընդունելությունն այս տարի ևս ուղեկցվել է խնդիրներով։ Հայտագրելու մեկնարկային րոպեներին համակարգը կրկին լավ չէր աշխատում ու շատ ծնողներ չէին կարողանում գործընթացն ավարտին հասցնել։ Ո՞րն է եղել խնդիրը։ Հրավիրված ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն Արտակ Պողոսյանը նշեց, որ ի սկզբանե ծնողներն իրենց օգտահաշիվներով չէին փորձել հայտագրել, այլ դա ցանկացել են կատարել առանց համակարգ մուտք գործելու։
«Սերվերների հետ խնդիր չի եղել, այլ վարքաբանական հարց էր, ինչը հաշվի չէինք առել։ Համակարգի առաջին էջում առկա էր մի հղում, որով ծնողները կարող էին տեսնել դպրոցների ցանկը և ազատ տեղերը։ Նախորդ տարիներին հայտագրումը սկսվում էր դպրոցի ընտրությունից, այսինքն, ցանկում ընտրում էին դպրոցը, այնուհետև հայտնվում էր «սկսել հայտագրում» կոճակը։ Այս տարի մոտեցումն այլ էր, ծնողները պետք է նախ մուտք գործեին իրենց օգտահաշիվ, նոր սկսեին գործընթացը։ Հիմա առանց օգտահաշիվ մուտք գործելու փորձել են հայտագրել նախկին ձևով ու քանի որ կոճակը չի հայտնվել, հետևաբար անընդհատ էջի թարմացումներ է արվել։ Ամեն վայրկյան լինում էր 17 հազար թարմացում։ Դա էլ իր հերթին ծանրաբեռնում էր համակարգը։ Երբ մենք այդ հղումը փակեցինք, ծանրաբեռնվածությունը թուլացավ և գործընթացը բնականոն շարունակվեց»,-ասաց Արտակ Պողոսյանը։
Չնայած առաջին րոպեների ծանրաբեռնվածությանը, Արտակ Պողոսյանը վստահեցրեց, որ համակարգն ամեն դեպքում աշխատել է և եղել են ծնողներ, որոնք հայտագրել են իրենց երեխաներին։ Արտակ Պողոսյանը նկատեց, որ այս տարի նոր գործիքակազմ են ներդրել, որպեսզի նախորդ տարիների վատ փորձը չլինի։ Նախորդ տարիներին ծնողներն իրենց տվյալները փոխանցում էին ընտանիքի անդամներին, ծանոթներին, բարեկամներին ու մեկնարկային ժամը 09։00-ից սկսած համակարգը գրոհվում էր մեծ թվով անձանց կողմից, ինչն էլ խնդիրներ էր առաջացնում։ Այս նոր գործիքակազմով ծնողները բացում են օգտահաշիվ, անցնում են խիստ նույնականացում և այդ մեկ օգտահաշվից կատարում հայտագրում։
«Չնայած դրան, ամեն դեպքում եղել են ծնողներ, որոնք իրենց խիստ նույնականացման տվյալները փոխանցել են ծանոթներին, ինչն անընդունելի է։ Դրանք տվյալ քաղաքացու անձնական տվյալներն են ու հետագայում խնդիրներից խուսափելու համար խորհուրդ չի տրվում նման բան անել»,-ասաց Արտակ Պողոսյանը։
Նա ընդգծեց, որ հայտագրումը որևէ բարդություն իրենից չի ներկայացնում, հավելյալ գիտելիքներ պետք չեն։ Երբ ծնողը մուտք է գործում իր օգտահաշիվ, բոլոր տվյալները լրացված են լինում ավտոմատ, իրեն մնում է ընտրել դպրոցը և սեղմել հայտագրման կոճակը։
Եթե ամեն դեպքում եղել են դեպքեր, երբ ծնողները չեն կարողացել իրենց երեխաներին հայտագրել իրենց ցանկացած դպրոցում, ապա հանգիստ կարող են մինչև սեպտեմբեր հետևել ազատ տեղերի ընթացքին, որոնց առկայության դեպքում կարող են փոխել հայտագրումը։ Փորձը ցույց է տալիս, որ մինչև սեպտեմբեր շատ տեղափոխություններ են լինում։
Եթե հայտագրումը կատարվել է, ապա հաջորդ փուլով ծնողները մինչև սեպտեմբերի 5-ը պետք է դիմում ներկայացնեն դպրոցի տնօրենին ընդունելության համար։ Դա կարող են անել ինչպես այս համակարգի միջոցով, եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն, այնպես էլ անձամբ այցելելով դպրոց, տեղում դիմում գրելով։ Եթե մինչև սեպտեմբերի 5-ը դա չիրականցվի, ապա հայտերը ավտոմատ չեղարկվելու են։


