Ընթացքում են էլեկտրամատակարարման ամբողջական վերականգնման աշխատանքները. Արցախում նախատեսվող գործընթացը՝ ըստ փուլերի
Պատերազմի արդյունքում Արցախում վնասված ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները գրեթե ավարտման փուլում են:
Այս մասին «Արցախպրես»-ի թղթակի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Արմեն Թովմասյանը՝ անդրադառնալով ինչպես այս, այնպես էլ ընթացիկ այլ աշխատանքներին վերաբերող հարցերին:
Նախարարի հետ հարցազրույցը ներկայացնում ենք ստորև.
-Պարոն Թովմասյան, ի՞նչ փուլում են ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները: Կցանկանայի՝ հատկապես անդրադառնայիք Մարտունու շրջանում էլեկտրականության հետ կապված հարցին, որը մնում է օրակարգային, քանի որ բնակիչները մշտական էլեկտրականություն չեն կարողանում ունենալ: Ի՞նչ քայլեր են ձեռնարկվում այս ուղղությամբ, և ե՞րբ կլուծվի այդ հարցը:
-Ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ տարվող աշխատանքները գրեթե ամբողջությամբ ավարտին են հասցվել, և ընդհանուր առմամբ, Արցախում վերականգնվել է կապի ենթակառուցվածքը, ու հանրապետությունում հասանելի է ինտերնետ և բջջային կապը:
Գազամատակարարման համակարգում տարվող աշխատանքները ևս ավարտվել են: Գազատար խողովակաշարն ամբողջությամբ աշխատում է, իսկ ներկայումս աշխատանքներ են տարվում զուգահեռ խողովակաշարերի մասով, որոնք մոտակա ժամանակահատվածում ամբողջությամբ կվերականգնվեն:
Էլեկտրաէներգետիկական համակարգում ևս գործընթացը հասցվում է ավարտին, և մոտ 2 կմ գիծ է մնացել անցկացնել, որպեսզի ՀՀ-ից դեպի Արցախ կապող էլեկտրաէներգատիկական շղթան լրիվությամբ աշխատի:
Ինչ վերաբերում է Մարտունու շրջանին, նշեմ, որ այնտեղ, էլեկտրամատակարարման գիծ կառուցելու հանգամանքը հաշվի առնելով, պետք է իրականացնել մոտ 40 կմ էլեկտրական գծի անցկացման աշխատանքներ, որը և՛ ժամանակատար է, և՛ աշխատանքների ծավալը ահագին մեծ է: Դիտարկվում են նաև այլ տարբերակներ, սակայն կարճ ժամանակահատվածում պետք է սկսենք որևէ տարբերակի շուրջ աշխատանքները, որպեսզի ամբողջությամբ վերականգնվի Մարտունու շրջանի էլեկտրամատակարարումը:
Ներկայումս այնտեղ անջատումներով էլեկտրաէներգիա հասանելի է, սակայն մինչև 1 մեգավատտ հզորություն է, որը չի հերիքում, քանի որ ամբողջական Մարտունու ներքին ցանցի վրա ունենք իրականացնելու մեծ ծավալի աշխատանքներ: Այս պահին էլեկտրամատակարարման հետ կապված աշխատանքները տարվում են Բերձորի հատվածում, և, դրա ավարտմանը զուգահեռ, կսկսվեն Մարտունու շրջանի էլեկտրամատակարարման ապահովման աշխատանքները:
Պետք է նշեմ նաև, որ փոքր ՀԷԿ-երի զգալի մասը՝ շուրջ 30 ՀԷԿ, մնացել է հակառակորդի վերահսկողության տակ: Ներկայումս գործում է 6 ՀԷԿ՝ Սարսանգ ՀԷԿ-ը, 1-4 Թրղի կասկադը և 1 արևային էլեկտրակայան: Արցախում էլեկտրականությունն ապահովվում է ներքին հիդրոէլեկտրակայանների միջոցով:
-Իսկ կապի ոլորտում ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում: Նախկինում գործող սակագները դեռ արդիակա՞ն են:
-Նշեմ, որ բջջային կապի ոլորտում գործող կանխավճարային և հետվճարային քարտերը նույնպես գործելու են: Երբ բաժանորդին հասանելիք անվճար սահմանաչափերը ավարտվեն, նախկինում գործող 1 րոպեի համար կանխավճարային համակարգում՝ 28 դրամ, իսկ հետվճարային համակարգում՝ 21 դրամ սակագինը կպահպանվի: Առաջիկայում նախատեսվում են քննարկումներ՝ կապված կապի ոլորտի ծառայությունների և որակի բարելավման ուղղությամբ:
Ինչ վերաբերում է համացանցին, նշեմ, որ ինտերնետ կապի միացումը ՀՀ-ից Արցախ նոր է եղել, սակայն առաջիկայում մեծ քննարկման արդյունքում կունենանք բարվոք վիճակի ինտերնետ կապ, որը հնարավոր է չզիջի ՀՀ կապի օպերատորների կողմից մատուցվող ծառայություններին:
-Կցանկանայի անդրադառնալ նաև տրանսպորտի համակարգին: Որքանո՞վ է վերականգնված հասարակական տրանսպորտի աշխատանքը մայրաքաղաքում, ներհամայնքային բոլոր երթուղիներն արդեն գործու՞մ են:
-Ստեփանակերտ քաղաքում ամբողջությամբ վերականգնվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը: Ներհամայնքային ուղևորափոխադրումները վերականգնվում են բավարար չափի ուղևորահոսքի առկայության դեպքում: Յուրաքանչյուր օր ավելանում է 1 երթուղի: Ունենք խնդիրներ՝ կապված տարածքային ճանապարհների հետ, որոնք լրացուցիչ խոչընդոտներ են առաջացնում տրանսպորտի համակարգում, և համապատասխան փոփոխություններ պետք է նախատեսվեն ուղևորագծերի հետ կապված:
-Իսկ փոքր և միջին ձեռնարկատիրական բիզնեսը ի՞նչ վնասներ է կրել այս ընթացքում: Առհասարակ, այդ ոլորտում ի՞նչ աշխատանքներ են տարվում:
-Ընդհանուր առմամբ, իրականացվում են ամբողջ տնտեսության վերագնահատման աշխատանքներ, որոնք ունեն մեծ ծավալ: Առաջիկայում համապատասխան միջոցներ կձեռնարկենք գնահատելու և էկոնոմիկայի ամբողջական բնագավառները ուսումնասիրելու ուղղությամբ, թե հետագայում ինչ անելիքներ ունենք: Այս պահին իրականացվում են նաև դիտանցումներ շուկայի և սպառողների շահերի պաշտպանության տեսչության կողմից. պատժիչ որևէ գործողություն չի իրականացվում, սակայն տարվում են կանխարգելման միջոցառումներ և բացատրական աշխատանքներ: Ինչ վերաբերում է ապրանքների ներկրման գործընթացին, նշեմ, որ այս առումով որևէ խնդիր չի առաջանում, և մատակարարման աշխատանքներ իրականացվում են այնքան չափով, որքան որ անհրաժեշտ է տնտեսվարող սուբյեկտներին ու բնակչությանը:
Միանշանակ է, որ նախարարության տիրույթում գտնվող ամբողջական ծրագրերը կվերանայվեն, և գալիք տարում տարբեր ուղղություններով պետք է տարվեն ոլորտային աշխատանքներ՝ գնահատելու, թե ինչ պետք է անել ծրագրային ապահովման համար: