Վերջապես կարողացել ենք ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել նշյալ համայնքների բնակիչներին. Պետնախարար
Շուշիի շրջանի Բերդաձորի ենթաշրջանի չորս համայնքները (Հին շեն, Մեծ շեն, Եղցահող և Լիսագոր) հայտնվել են երկկողմանի արգելափակման ներքո՝ զրկված թե՛ Արցախի մնացած հատվածի և թե՛ Հայաստանի հետ կապի բոլոր հնարավորություններից: Այս մասին իր գրառման մեջ հայտնել է ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա, մասնավորապես, նշել է.
"Ադրբեջանական խոչընդոտների պատճառով դադարել էին նաև բոլոր տեսակի հումանիտար մատակարարումներն այդ գյուղերի բնակիչներին, և վերջին օրերին սուր հումանիտար ճգնաժամ էր առաջացել այնտեղ՝ առանց առաջին անհրաժեշտության պարագաների որևէ պաշարի: Այսօր վերջապես կարողացել ենք ԱՀ կառավարության կողմից ՌԴ խաղաղապահների միջոցով մեկ բեռնատար սնունդ, դեղորայք և առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ուղարկել նշյալ համայնքների բնակիչներին":