Վերին Հոռաթաղի միջնակարգ դպրոցը կցակառույցի խնդիր ունի. տնօրեն
ԱՀ Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ համայնքի Քերոլայն Քոքսի անվան միջնակարգ դպրոցը 2020թ. դեկտեմբերի 1-ից շատ արագ ինքնակազմակերպվեց և լծվեց ուսումնառությանը :
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում դպրոցի տնօրեն Արուս Մարտիրոսյանը նշեց, որ անխտիր վերադարձել էին բոլոր ուսուցիչները, աշակերտների մեծամասնությունը և նրանք անցել էին իրենց ամենօրյա ուսումնական գործընթացին :

Տնօրենը անդրադարձավ դպրոցի մեծ խնդիրներին, և նշեց, որ ավելի փոքր խնդիրները փորձում են լուծել ներքին կարգով, հովանավորի կամ դպրոցն ավարտած շրջանավարտների միջոցով:

«Մենք ունենք կցակառույցի խնդիր, դպրոցի դասասենյակները չեն բավարարում, և մենք ստիպված կաբինետ և դասարան համատեղում ենք : Ուստի նպատակահարմար կլիներ, եթե մեզ աջակցեին պետական մակարդակով կամ բարերարի միջոցով, կցակառույց կառուցվելու համար, որպեսզի դասապրոցեսները ավելի արդյունավետ կազմակերպվեն :



Մեր զրուցակցի խոսքով՝ իրենց աշակերտը պետք է դպրոցն ավարտի որպես պատրաստի զինվոր, պատրաստ ամեն իրավիճակ հաղթահարելու. «Զինղեկներին ուղղորդել ենք, որ նախապատվությունը տան գործնական պարապմունքներին : Պարապմունքներն այսպես ավելի հետաքրքիր ու արդյունավետ են կազմակերպվում, քան առաջ էր, քանի որ աշակերտները մեծ սիրով և սպասելիքներով են մասնակցում այդ դասերին» :
