ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
««Թուֆենկյան» հիմնադրամը կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի արցախցին ապրի ու արարի սեփական հողի վրա».կառույցն ամփոփում է անցած տարին և նախանշում անելիքները

««Թուֆենկյան» հիմնադրամը կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի արցախցին ապրի ու արարի սեփական հողի վրա».կառույցն ամփոփում է անցած տարին և նախանշում անելիքները

«Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամը գործում է 1999 թվականից։ Այն հիմնադրել է Ամերիկահայ գործարար Ջեյմս Թուֆենկյանը՝ արձագանքելու հայ հասարակության առջև ծառացած կարևորագույն սոցիալական, մշակութային, տնտեսական և էկոլոգիական մարտահրավերներին։ 2003 թվականից հիմնադրամը իր աշխատանքերն է ծավալում նաև Արցախում։

Հիմնադրամի կողմից Արցախի Հանրապետության տարածքում կատարված և կատարվելիք աշխատանքների մասին «Արցախպրես»-ի թղթակիցը զրուցել է «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի արտաքին կապերի տնօրեն Ռուբեն Ջանբազյանի հետ։

«Աշխատելով Արցախի ամենախոցելի և հեռավոր համայնքներում՝ «Թուֆենկյան» հիմնադրամը կառուցել է տներ, դպրոցներ, մանկապարտեզներ և կլինիկաներ, ստեղծել կամ վերանորոգել է ջրամատակարարման և ոռոգման համակարգեր, բնակարաններով ապահովել է վիրավոր զինվորներին, վերաբնակիչներին,և, իհարկե, տեղի բնակիչներին։

Բնութագրությունը հասանալի չէ

Ինչպես նաև վերանորոգել է Արցախի պատմական և մշակութային կառույցները, նպաստել Արցախի` միջազգային լրատվամիջոցներում արդար և բալանսավորված լուսաբանմանը»,-ներկայացրել է Ռ. Ջանբազյանը։

Մեր զրուցակցի հավաստմամբ՝ Հիմնադրամը հետպատերազմական ժամանակաշրջանում շարունակել է հավատարիմ մնալ իր սկզբունքներին՝ կատարելով լայնածավալ աշխատանքներ։

Բնութագրությունը հասանալի չէ

«Պատերազմից անմիջապես հետո, համագործակցելով Արցախի պատկան մարմինների հետ, հիմնադրամը որոշեց Մարտունու շրջանի Հերհեր և մոտակա համայնքներում ծավալել իր աշխատանքները: 2021 թվականի ընթացքում Հերհեր, Խերխան, Մաճկալաշեն, Ծովատեղ, Խնուշինակ համայնքներում իրականացվեցին պատերազմի ընթացքում ավերված բնակարանների վերանորոգման աշխատանքներ։ Հուլիսին Հերհեր համայնքում տեղի ունեցավ նաև համայնքապետարանի շենքի և բուժկետի բացում. բուժկետի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում, այնտեղ այլևս հնարավոր չէր որևէ աշխատանք իրականացնել:Պատերազմից հետո հիմնադրամը նաև վիրավորված զինվորների և զոհված զինծառայողների ընտանիքների համար բնակարաններ է վերանորոգել և շահագործման հանձնել. ընդհանուր առմամբ` շահագործման է հանձնվել 13 տուն։ Հիմնադրամի կողմից մարդասիրական օգնություն է ստացել նաև Մարտունու շրջանի շուրջ 400 ընտանիք՝ սննդի և առաջին անհրաժեշտության պարագաների տեսքով»,-նշել է նա։

Ռ. Ջանբազյանի խոսքով՝ ԱՀ նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի աշխատանքներն ապահով և որակյալ իրականացնելու գործում «Թուֆենկյան» հիմնադրամը ֆինանսական աջակցություն ցուցաբերեց՝ համակարգիչների և ականջակալների ձեռքբերման նպատակով: Մարտունի քաղաքի և շրջանի դպրոցներին լաբորատոր սարքավորումներ նվիրաբերեց. ծրագրից օգտվեց շրջանի շուրջ 29 դպրոց:

Բնութագրությունը հասանալի չէ

Հիմնադրամն, ընդհանուր առմամբ, տրամադրեց 33 կոմպլեկտ սարքավորում: Իսկ Շուշիի` Ստեփանակերտում վերաբացված «Եզնիկ Մոզյան» արհեստագործական ուսումնարանին նոր համակարգիչներ նվիրեց։ Խոսելով առաջիկայում հիմնադրամի կողմից նախատեսվող ծրագրերի մասին՝ Ռ. Ջանբազյանը հավաստիացրեց՝ հիմնադրամը կշարունակի գործել այն համոզմունքով, որ ամեն ինչ պետք է արվի, որ արցախցին շարունակի ապրել ու արարել իր սեփական հողի վրա: «

2022 թվականի ընթացքում «Թուֆենկյանը» կշարունակի տարբեր ծրագրեր իրականացրել։ Առաջիկայում կկատարենք համայնքապետարանների, բուժկետների, տների վերանորոգման աշխատանքներ, խաղահրապարակներ կկառուցենք, ինչպես նաև կյանքի կկոչենք տնտեսական ու սոցիալական մի շարք այլ ծրագրեր»,-ընդգծել է մեր զրուցակիցը։

  • Կիսվել: