Ծննդյանս օրը պետք է կայանար նշանադրությունս, բայց հայրս ու ընկերս մեկնեցին ռազմաճակատ․ Որդուս հերոս պապի անունով կկոչեմ
Ծնունդով Ասկերանի շրջանի Վարազաբուն գյուղից 45-ամյա Լեռնիկ Համբարձումյանը սեպտերմբերի 27-ից կամավորագրվել էր հայերենիք պաշտպանության սուրբ գործին։
«16 տարեկանից մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, այնուհետև 2016 թ․ ապրիլյան պատերազմին, նա զինծառայող չէր, ուղղակի կամավորագրվել էր Հայրենիքի փրկությանը` իր կյանքը նվիրելով այդ սուրբ գաղափարին: Իսկ այս պատերազմին առաջիններից էր, ով սեպտեմբերի 27-ից կամավորագրվեց և մեկնեց ռազմաճակատ»,- InfoPort.am-ի հետ զրույցում պատմեց հերոսի միակ դուստրը՝ Անժելիկան։
Պատմում է՝ երբ սկսվել է պատերազմը ինքն ու մայրը ապահովության համար տեղափոխվել են Ստեփանակերտ, հետո Երևան. «Երբ վիճակը վատացավ, հայրս սեպտեմբեր 29-ին զանգեց մորս ասաց, որ Ստեփանակերտից դուրս գանք»։ Կամավորների օգնությամբ են հասել Երևան՝ բարեկամի տուն։
Անժելիկան հոր մասին հպարտությամբ է խոսում։ «Չափազանց բարի, ընկերասեր, հայրենիքին նվիրված մարդ էր: Բոլորին ամեն հարցում օգնում էր»,- պատմում է մեր զրուցակիցն ու մեկիկ-մեկիկ հիշում միասին անցկացրած երջանիկ պահերը։ Ասում է՝ հայրն իրենով շատ է հպարտացել, ինքն էլ միշտ զգացել է հայրական սիրո ջերմությունը․ «Միշտ ասում էր, որ ես իր համ աղջիկն եմ համ տղան։ Մի տեղ գնալիս, թե մեքենան փչանար՝ օգնում էի։ Թե սրտնեղած լինեի՝ հետս հավասար լաց էր լինում, հետո միասին տանից ինչ-որ տեղ էինք գնում։ Բոլորին ուրախ պատմում էր, որ մենք իրար աչքերով ենք հասկանում»,- հիշում է մեր զրուցակիցը։
Անժելիկան պատմում է, որ նույնիսկ առաջնագծից հերոս հայրը չի դադարել իրենց հուսադրել։ «Օրը երեք անգամ զանգում էր, ասում էր, որ ինձ լավ նայեմ, որ շուտով ամեն ինչ կավարտվի։ Հիշում եմ՝ ծննդյանս օրը (հոկտեմբերի 3-ին, խմբ․) ասաց, որ երբ վերջանա ամեն ինչ, մի լավ քեֆ ենք անելու»,- ասում է ու հավելում, որ ծննդյան օրը պիտի նշանադրությունը լիներ, բայց պատերազմ սկսվեց, հայրն ու ընկերը մեկնեցին առաջնագիծ։
Լեռնիկ Համբարձումյանը զոհվել է հոկտեմբերի 23-ին՝ Մարտունիում դավադիր թշնամու հրթիռի հարվածից։
Դուստրը մեծ ցավ է ապրում, որ չի կարողացել մեկնել Արցախ՝ հոր հուղարկավորությանը մասնակցելու։ Թշնամին թիրախավորել էր ճանապարը։
Հոր հերոսությունների մասին Անժելիկան չի խոսում`հուզմունքը թույլ չի տալիս։ «Միայն այն, որ դեռ 16 տարեկանում որպես կամավոր մասնակցեց առաջին պատերազմին, արդեն հերոսություն է։ Նաև պարգևատրվել է «Արիության մեդալով» (հուզմունքից տարեթիվը չհիշեց, խմբ)։ Չնայած պարգևը չէ, որ հերոսացնում է։ Նա իսկական հերոս է թե՛ հայրենիքում թե՛ ընտանիքում։ Ի՛մ հերոսը։ Ու երբ որդի ունենամ, հերոս պապիկի անունով եմ կոչելու»։