երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
«Տրանսպորտը տնտեսության երակն է, որը շրջափակման պատճառով չի գործում». Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

«Տրանսպորտը տնտեսության երակն է, որը շրջափակման պատճառով չի գործում». Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար

Ասկերանի շրջանում շրջափակման պահից առայսօր դիմակայում ենք, և պարտավոր ենք դիմակայել, բայց ունենք բավականին մեծ խնդիրներ:

«Արցախպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին այսօր՝ հուլիսի 26-ին տված հարցազրույցի ժամանակ ասել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը:
 
«Հատկապես վառելիքի սղության պատճառով տարբեր ոլորտներում առաջացել են մի շարք խնդիրներ։ Միջհամայնքային և մայրաքաղաքի հետ կապող բոլոր երթուղիների դադարեցման հետևանքով առողջապահության ոլորտում ունենք ճգնաժամային իրավիճակ։ Կառանձնացնեի ծանր վիճակում գտնվող հիվանդների այցը բուժհաստատություններ։ Հղի կանայք ծանրաբեռնված տրանսպորտով մի կերպ հասնում էին մայրաքաղաք, այժմ երթուղու չգործելու պատճառով դա ևս անհնար է դարձել, երեխաների համար ևս հնարավոր չէ պատշաճ բուժզննում իրականացնել: Եղած դեղորայքի պաշարը քիչ է, ունենք նաև մանկական կերի պակաս»,-ներկայացրել է Հ.Ապրեսյանը:
 
Շրջվարչակազմի ղեկավարի խոսքով՝ տրանսպորտը տնտեսության երակն է, որն այսօր շրջափակման պատճառով չի գործում:
 
«Մեծ խնդիրներ ունենք նաև գյուղատնտեսության ոլորտում, հատկապես՝ բերքը շուկա հասցնելու և իրացնելու համար, ինչպես նաև հողատարածքները մշակելու, բանվորների տեղափոխության հետ կապված: Բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի արտադրությամբ զբաղվող հողօգտագործողների բերքը, հնարավորության սահմաններում, իրացվում է տեղում` տվյալ տարածքի բնակչության շրջանում, բայց, հաշվի առնելով, որ տվյալ տարածքներում ևս գյուղաբնակներ են և մշակվող սեփական հողատարածքներ ունեն, այդքան էլ պահանջված չէ»,-նշել է նա:
 
Հ.Ապրեսյանն ընդգծել է, որ այս տարի երաշտի, սելավների ու կարկուտի հետևանքով շրջանի գյուղատնտեսությունը բավականին մեծ վնասներ է կրել։
 
Նա իրազեկել է, որ բնակչության շրջանում հացի խնդրի հետ կապված խուճապային տրամադրությունները հաղթահարվել են։
 
Անդրադառնալով Ակնա֊Ստեփանակերտ ճանապարհահատվածի` քաղաքացիների կողմից բետոնե սալերով փակելու իրողությանը` շրջվարչակազմի ղեկավարը նշել է` այն ասկերանցիների կողմից ընդունվել է միանշանակ։
 
«Ադրբեջանը վարում է հայատյաց քաղաքականություն, և մենք չենք կարող գնալ ցեղասպանման: Ակնա-Ասկերան ճանապարհահատվածի փակումը քաղաքացիների կողմից գիտակցված որոշում էր` որպես մերժում ինտեգրմանը. մասնակցեցին նաև Ասկերան քաղաքի բնակիչներից շատերը»,-եզրափակել է Ասկերանի շրջվարչակազմի ղեկավարը:

  • Կիսվել: