շաբաթ, մարտ 2
2 / 3 / 2024
Թողել են ամենակարևորը․ Հայաստանի ծերանոցի արցախցի հյուրերի պատմությունները

Թողել են ամենակարևորը․ Հայաստանի ծերանոցի արցախցի հյուրերի պատմությունները

Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 80 մարդ գտնվում է Հայաստանի ծերանոցներում։ Նրանց մեծ մասը միայնակ է: Գրում է Sputnik Արմենիան։
 
Երևանի տուն-ինտերնատում սեպտեմբերի 28-ից հետո մթնոլորտը փոխվել է։ Շենքի միջանցքներում հայտնվել են տարեց մարդիկ, որոնք խոսում են Արցախի բարբառով և սաստում առողջությունից բողոքող հասակակիցներին։ Ինտերնատի աշխատակիցներին նրանք մանրամասն պատմում են իրենց կյանքի պատմությունը, անվերջ հիշում անցած պատերազմներն ու կորուստների ցավը։ Արցախից տեղահանվածներն են։ Այստեղ նրանց թիվը քառասունից ավելի է, մի մասը նախատեսում է ժամանակավոր մնալ գիշերօթիկ հաստատությունում, մինչև երեխաները վերջնականապես հաստատվեն Հայաստանում, բայց կան նաև միայնակ մարդիկ, որոնք ինտերնատն իրենց վերջին հանգրվանն են համարում։
 
Постояльцы дома интерната для N1 в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2023

Ամբողջ կյանքն է թողել, նույնիսկ սեփական գերեզմանաքարը

Էմմա Սարգսյանը (73 տարեկան) 4 երեխա ունի, 10 թոռ և 20-ից ավելի ծոռ: Նա տուն-ինտերնատում ժամանակավոր է ապրում, այստեղ է հայտնվել Արցախն Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելուց հետո։ Կնոջ ողջ ունեցվածքը՝ երկհարկանի տունը՝ մեծ պարտեզով ու անհրաժեշտ ամեն ինչով, մնացել է Ստեփանակերտում, իսկ նրա երեխաներն ու թոռները սփռված են ամբողջ Հայաստանում:
 
Вынужденная переселенка из Нагорного Карабаха Эмма Саркисян - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2023
«Գրեթե բոլոր հանգստյան օրերին և բացարձակապես բոլոր արձակուրդներին երեխաները հավաքվում էին իմ տանը։ Մենք երկար ու ուրախ հավաքույթներ էինք կազմակերպում, իսկ հիմա մեր մեծ ընտանիքը բաժան-բաժան է ու դժվար թե կարողանա մոտ ժամանակներս հավաքվել»,-նշեց կինը։
 
Եթե Արցախ վերադառնալու հնարավորություն լիներ, նա առաջին հերթին իր տուն կգնար՝ նախկին ուրախությունը զգալու, իսկ հետո՝ գերեզմանատուն, որտեղ թաղված են նրա ծնողներն ու սիրելի ամուսինը։ Կինը պատմեց, որ ամուսնու հետ շատ դժվար կյանք է ապրել, սակայն չնայած դժվարություններին՝ 4 երեխա են մեծացրել և տուն կառուցել: Նա խոստովանում է, որ միշտ երջանիկ է եղել, ամուսինն իրեն շատ էր սիրում և փայփայում։ Էմմա տատը նրա կողքին էր մինչև նրա վերջին շունչը (ամուսինը մահացել է 2017 թվականին):
 
«Ես գերեզմանաքարեր եմ սարքել նրա համար էլ, ինձ համար էլ։ Քարի վրա իմ նկարն էլ կա, որ մեռնելուցս հետո երեխաներին հոգս չլինի։ Ամբողջ կյանքս այնտեղ մնաց՝ մանկությունս, երիտասարդությունս, ծերությունս։ Նույնիսկ գերեզմանս սիրածս մարդու կողքին` հարազատ հողում, որտեղ ինձ արդեն չեն թաղի»,-ասում է նա։
Շրջափակումն ու անսպասելի սկսված պատերազմը Էմմա տատին չեն վախեցրել, բայց որդու բերած նորությունն Արցախից դուրս գալու անհրաժեշտության մասին, շփոթեցրել է նրան։ Կինը հապշտապ կողպել է դուռը և հեռացել՝ ոչինչ չվերցնելով, նույնիսկ հագուստ: Խնամքով պահում է տան բանալին։
 
Постояльцы дома интерната для N1 в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2023
 

Կրկին հանդիպեց և կորցրեց իր կյանքի սիրուն

Յուրա Բաղիյանը (79 տարեկան) ողջ կյանքն ապրել է Հադրութում։ 44-օրյա պատերազմից հետո՝ 2020 թվականին, որոշել էր բնակություն հաստատել Ստեփանակերտի ծերանոցում։ Գնալու տեղ չուներ. երբեք ամուսնացած չէր եղել և երեխաներ չուներ, իսկ հարազատներին չէր ուզում ծանրաբեռնել։ Այնտեղ ապրել է մինչև սեպտեմբերի 19-ը, երբ մարտական գործողությունները վերսկսվեցին։
 
Պապը վիրավորվել է հենց ծերանոցում՝ քաղաքի առաջին իսկ գնդակոծության ժամանակ։ Շենքի վրա արկ է ընկել,և բեկորից ոտքը վնասվել է։ Նրան դժվարությամբ է հաջողվել հասնել նկուղ, որտեղ արդեն սպասում էին տան մյուս բնակիչները։ Խոստովանում է, որ գնդակոծության ժամանակ և նկուղում, որտեղ իրեն վիրակապում էին, միայն մի բանի համար է զղջացել՝ որ երիտասարդ տարիքում այդպես էլ չամուսնացավ։ Պատմում է, որ նշանված է եղել, բայց իմացել է իր ծանր ախտորոշման մասին և որոշել է բաժանվել հարսնացուից։ Չէր ուզում, որ նա ամբողջ կյանքում տանջվի իր հետ: Դժվար որոշում է եղել․ Յուրա պապը պատմում է, որ ամբողջ կյանքում սիրել է և գրեթե ամեն օր հիշել նրան։
 
Вынужденный переселенец из Нагорного Карабаха Юра Багеян - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2023
«Բայց ճակատագիրը մեզ նորից հանդիպեցրեց։ Հեռանալուց առաջ ես նրան հանդիպեցի պոլիկլինիկայում։ Մենք գրկախառնվեցինք, երկար լաց եղանք։ Ես պատմեցի, թե ինչու եմ թողել նրան, նա էլ ասաց, որ միշտ սիրել է ինձ։ Բայց ես նորից հիմարություն արեցի, այնքան շփոթված էի, որ նրա հեռախոսի համարը չվերցրի, հիմա էլ նստած գուշակում եմ, թե ուր է իմ Ջուլիան»,-պատմում է Յուրա պապը։
 
Մեկնելու օրը Ստեփանակերտը նրան արտասովոր մռայլ ու տխուր է թվացել։ Երկար նայել է ու չի կարողացել հավատալ, որ ընդմիշտ է հեռանում այնտեղից։ Նույն զգացողությունն ունեցեր նաև 2020 թվականին, երբ Հադրութից էր հեռանում՝ թողնելով հայրական տունն ու գերեզմանները, որտեղ ծնողներն են թաղված։
 
Постояльцы дома интерната для N1 в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2023
«Նայում էի ու աչքերս արցունքոտվում էին։ Շատ եմ ուզում հետ գնալ մեր, հենց մեր Ղարաբաղ։ Թող տունս քանդած լինի, շուրջն ամեն ինչ վառված լինի, ես նկուղում կապրեմ ու իմ հողի տաքությունը կվայելեմ»։
 

Հերթական պատերազմը փչացրեց հոբելյանը

Հայկանուշ Բարսեղյանը (90 տարեկան) սեպտեմբերի 18-ին պետք է իր 90-ամյակը նշեր։ Ստեփանակերտի ծերանոցի աշխատակիցները նրա սիրելի տոլման էին փաթաթել և շրջափակման սուղ պայմաններում մի քանի համեստ ճաշատեսակ էին պատրաստել։ Սակայն նշել չհաջողվեց, որովհետև պատերազմ սկսվեց, իսկ ծերանոցի բնակիչները շենքի վրա ընկած ռումբից հետո ստիպված եղան նկուղ իջնել։ Արցախից հեռանալու հստակ ամսաթիվը կինը չի հիշում, բայց հիշում է հեռացող մարդկանց դեմքերն ու մեքենաների երկար շարասյունը։
 
Вынужденная переселенка из Нагорного Карабаха Айкануш Барсегян - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2023
 
«Մենք վարորդին խնդրեցինք, որ մի քիչ դանդաղ գնա, որ կարողանանք վերջին անգամ վայելել Արցախը։ Սիրտս ցավում է, այնտեղ ամենակարևոր բաներն են մնացել՝ տունը, որտեղ ես ծնվել եմ, ծնողներիս ու երեխաներիս գերեզմանները»,-ասում է Հայկանուշ տատը։
Նա պատմեց, որ երիտասարդ տարիներին հեռացել է հայրական տնից և աշխատանքի տեղավորվել Հադրութի մետաքսագործական ֆաբրիկայում։ Այնտեղ աշխատել է ութ տարի, որոնք իր կյանքի ամենաերջանիկ տարիներն է համարում, ապա ամուսնացել է, բայց 3 տարի անց այրիացել։ Երկու երեխա է ունեցել՝ դուստր և որդի, որդուն կորցրել է Առաջին արցախյանի ժամանակ։ Հետո աղջիկն է հիվանդացել, և Հայկանուշ տատը տարիներ շարունակ խնամել է նրան։ 2016թ․-ին մահացել է նաև աղջիկը, և տատը որոշել է բնակություն հաստատել ծերանոցում։
 
 
«Մահիցս հետո պիտի ընտանիքիս կողքին պառկեի՝ ամուսնուս, տղայիս, աղջկաս կողքին, բայց մեզ վիճակված չէ միանալ։ Նրանք գոնե իրար մոտ են։ Իսկ ես մենակ մնացի։ Շատ ցավալի է»,-ասում է նա։
 
Կինն ասում է՝ թոռները (որդու երեխաները) Ռուսաստանում են ապրում, պատրաստ են իրեն էլ տանել, բայց ինքը հրաժարվում է՝ գերադասում է հայրենի հողում մեռնել։
 
Постояльцы дома интерната для N1 в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 09.12.2023
Նշենք, որ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տվյալներով՝ Արցախից ավելի քան 80 տեղահանված մեծահասակ է գտնվում Հայաստանի ծերանոցներում։ Ընդ որում՝ նրանցից 50-ը միայնակ են։

  • Կիսվել: