Եվրոպայում տապի ալիքը 2 մարդու կյանք է խլել
Եվրոպական մի շարք երկրներում տապի ալիքը շարունակվում է։ Ֆրանսիայում, Իսպանիայում, Իտալիայում և Պորտուգալիայում շոգ եղանակի պատճառով նախազգուշացում է տարածվել։ Իտալիայում 2 մարդ է մահացել շոգի պատճառով։ Այս մասին հաղորդում է BBC-ն։
Ֆրանսիայի 16 դեպարտամենտում, այդ թվում՝ Փարիզում հայտարարվել է ծայրահեղ շոգի հետ կապված նախազգուշացման ամենաբարձր՝ կարմիր մակարդակ։ Փարիզում փակվել է Էյֆելյան աշտարակը։
Նախազգուշացման կարմիր մակարդակ է հայտարարվել նաև Խորվաթիայում և Բելգիայում։
Պորտուգալիայում և Իսպանիայում գրանցվել է հունիսի համար ռեկորդային բարձր ջերմաստիճան՝ ըստ Ցելսիուսի 46 աստիճան։
Անգլիայի հարավ-արևելքում ևս շոգեր են, ջերմաստիճանը կարող է հասնել ըստ Ցելսիուսի 35 աստիճանի։ Հայտարարվել է նախազգուշացման դեղին մակարդակ մինչև հուլիսի 2-ը։
Իսկ Թուրքիայի արևմուտքում արդեն երրորդ օրն է՝ շարունակվում են անտառային հրդեհները։ 50 000 մարդ հրդեհների պատճառով տարհանվել է։