շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Թերսնումը և հոգեկան լարվածությանը խարխլել են արցախցիների առողջական վիճակը. ԱՀ առողջապահության նախարար

Թերսնումը և հոգեկան լարվածությանը խարխլել են արցախցիների առողջական վիճակը. ԱՀ առողջապահության նախարար

Բանջարեղենի և մրգի պակասը Արցախի բնակչության շրջանում առաջ է բերում առողջական լուրջ խնդիրներ. այդ առումով իր սև գործն է անում նաև հոգեկան լարված վիճակը:

Այս մասին այսօր` հուլիսի 18-ին տված հարցազրույցի ժամանակ  ասել է ԱՀ Առողջապահության նախարար Վարդան Թադևոսյանը:
 
«Այդ խնդիրները հատկապես առկա են երեխաների, հղիների շրջանում: Թերսնումը և ոչ առողջ սննդակարգ ունենալը  առաջին հերթին բերում է դիմադրողականության անկման, իսկ դա առաջացնում է տարբեր հիվանդություններ՝ մաշկային, նյարդային: Սնունդը մարդու առողջության ապահովման առաջին գրավականն է, իսկ այսօր մեր խանութներում ոչինչ չկա: Գուցե այլ երկրներում ապրողների համար  շատ դժվար կլինի պատկերացնել ասածս: Որպեսզի պատկերավոր լինի,  իմ սերնդակիցները  կարող են հիշել Սովետական միության անկման ժամանակաշրջանը և պատկերացնել մեր վիճակը», - նշել է նախարարը։
 
Նա  ընդգծել է, որ, բացի  թերսնումից,  արցախցիները թշնամու կողմից  պարբերաբար ենթարկվում են հոգեկան տրավմաների, ինչն ավելի ողբերգական է դարձնում իրավիճակը։
 
«Մարդիկ 24 ժամ մտահոգ են այս խնդիրներով, ինչը բերում է  դեպրեսիաների։ Կարող ենք վստահորեն արձանագրել, որ  մենք կարիք ունենք նաև հոգեբանական աջակցության: Իսկ  Արցախի  հոգեբանները, վստահ եմ, մի քանի անգամ ավելի ծանրաբեռնված են աշխատում:  Ես կցանկանայի հորդորել մեր քաղաքացիներին հանդուրժող լինել միմյանց հանդեպ, որովհետև բոլորս գերլարված վիճակում ենք»,-ընդգծել է Վ. Թադևոսյանը:

  • Կիսվել: