Թեկուզ վաղը պատրաստ եմ հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ. Մնացականյան
Թեկուզ վաղը պատրաստ եմ հանդիպել ադրբեջանցի գործընկերոջ հետ՝ ԼՂ խնդրի քննարկման նպատակով: Այս մասին Ինտերֆաքսի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:
Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Իհարկե, մենք պատրաստ ենք հանդիպել և պատրաստ ենք շարունակել այս աշխատանքը: Եվ ես կրկին ուզում եմ ընդգծել, որ մեր աշխատանքի կարևորությունը կայանում է նրանում, որ պետք է փնտրել փոխզիջումներ, ապահովել անվտանգությունը, հրաժարվել ուժի կիրառումից և մաքսիմալիստական մոտեցումներից՛՛:
Նա ընդգծել է, որ հրադադարի ամրապնդումը և մշտական միջազգային վերահսկողության մեխանիզմների ներդրումը շարունակում են մնալ աշխատանքի շատ կարևոր ուղղություն:
Նախարարն ասել է, որ ՀՀ-ն հավատարիմ է մնում աշխատանքի բոլոր բևեռների շարունակմանը: ՛՛Բնականաբար, ես իմ հերթին պատրաստ եմ շարունակել այս աշխատանքը՛՛,-ասել է նա:
Մնացականյանի խոսքով՝ Երևանի համար Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը ՛՛բացարձակ առաջնահերթություն է՛՛:
ԱԳՆ-ի խոսքով՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն առանց սահմանափակումների, Արցախի համար իրական, շոշափելի անվտանգության ապահովումը կարևոր առաջնահերթություն է: Նա վստահեցրել է. ՛՛Մենք պատրաստ ենք աշխատել ինչպես համանախագահների, այնպես էլ ադրբեջանական կողմի հետ՝ որոշելու բանաձևեր, որոնք թույլ կտան մեզ համեմատել և չափել հնարավոր փոխզիջման չափը՛՛: