երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Ստեփանակերտում մեկնարկել է «Tech Week Artsakh 2021»-ը

Ստեփանակերտում մեկնարկել է «Tech Week Artsakh 2021»-ը

Այսօր՝ հուլիսի 3-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում մեկնարկել է Tech Week Artsakh 2021 կամ «Տեխնոլոգիաների շաբաթ Արցախում 2021» միջոցառումների շարքը, որը մեկ վայրում կկենտրոնացնի ՏՀՏ ընկերությունների ջանքերը՝ համայնքային զարգացման խթանման ուղղությամբ։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանն իր ողջույնի խոսքում ասաց, որ, Արցախում տրամադրություն փոխելով, պետք է Արցախի բնակիչների մոտ լրացուցիչ խթան ստեղծել զարգանալու, արարելու և երկարաժամկետ հայրենիքի զարգացման ուղղությամբ աշխատելու համար:
 Բնութագրությունը հասանալի չէ
«Նմանատիպ միջոցառման շնորհիվ՝ իր ծավալի, բովանդակության ու որակի առումով, մենք նպատակ ունենք Արցախում ցույց տալու, որ թեև մեծագույն դժվարություններ ու կորուստներ ենք ունեցել, բայց կյանքը շարունակվում է: Այս դժվարությունները մեզ համար մոտիվացիայի ու ձգտման, հայրենասիրության նոր ալիքի աղբյուր պետք է լինեն», - ասաց Արտակ Բեգլարյանը:
 
Tech Week եռօրյա միջոցառման կազմակերպիչները բացեցին կոնֆերանսը իրենց ելույթներով:
Instigate mobile֊ի ֆինանսական տնօրեն և բիզնես գործառնությունների ղեկավար Սպարտակ Կյուրեղյանը, ողջունելով բոլորին, նշեց, որ նախատեսել են շատ մեծ միջոցառում:
«Այսօր մենք ունենք ավելի քան 1500 գրանցված մասնակիցներ, Հայաստանի տարբեր շրջաններից եկած 400 հոգի, 40-ից ավելի գործընկերներ, 20-ից ավելի աջակիցներ, 60-ից ավելի խոսնակներ»,- ընդգծեց Սպարտակ Կյուրեղյանը:
 Բնութագրությունը հասանալի չէ
TCF ընկերության համահիմնադիր և տնօրեն Նարեկ Վարդանյանի խոսքով՝ այն մարդիկ, ովքեր գտնվում են այս դահլիճում, արդեն թույլ են տալիս փաստելու, որ սպասվում են աննախադեպ երեք օրեր:
 
«Այստեղ գտնվում են համաշխարհային հաջողությունների հասած անձինք, ընկերությունների հիմնադիրներ, թիմակիցներ, տնօրեններ, որոնք եկել են Արցախ՝ անցկացնելու երեք շատ արդյունավետ օր, կիսվելու ձեզ հետ իրենց գիտելիքներով, փորձով, մոտիվացնել ձեզ, ցույց տալու շատ հստակ ուղիներ, թե ինչպես կարելի է մնալ Արցախում և հասնել համաշխարհային հաջողությունների», - կարևորեց Նարեկ Վարդանյանը:
 
GG-ի հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը գոհունակություն հայտնեց, որ այսքան հայեր հավաքվել են Ստեփանակերտ քաղաքում:
 
«Կարծում եմ՝ այս միջոցառումը հիանալի օրինակ է, որ մենք կարող ենք ապակենտրոնացված երկիր ստեղծել, և մեր բոլոր քաղաքները կարող են դառնալ տեխնոլոգիապես այնքան զարգացած, ինչպիսին մենք համարում ենք Երևանը», - ասաց Խաչատուր Գրիգորանը:
 
Տեխնոլոգիական եռօրյակի ընթացքում անցկացվելու է նաև «Հակաթոն», որը միտված է համախմբելու երիտասարդներին մեկ գաղափարի շուրջ, այն է՝ մշակել ու ներդնել Արցախում համայնքների կառավարման միասնական հարթակ, տեղական ինքնակառավարման մարմիններում տվյալների հավաքագրման և մշակման, պետական մարմինների ու քաղաքացիների միջև տեղեկատվության փոխանակման նպատակով։
 
Ինչպես նաև տեղի կունենա «Կորիզ» գաղափարների մրցույթի նախապատրաստում: «Կորիզ» մրցույթի նպատակն է համախմբել և կյանքի կոչել գաղափարներ՝ ուղղված Արցախի զարգացմանը։
 
Բնութագրությունը հասանալի չէ

  • Կիսվել: