կիրակի, հունվար 29
29 / 1 / 2023
Ստեփանակերտում մեկնարկել է հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված շախմատիստի հիշատակին

Ստեփանակերտում մեկնարկել է հուշամրցաշար՝ նվիրված 44-օրյա պատերազմում նահատակված շախմատիստի հիշատակին

Այսօր՝ նոյեմբերի 28-ին, Ստեփանակերտի Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցում Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած հերոս Արտյոմ Ավագյանի հիշատակին նվիրված շախմատի հուշամրցաշար է մեկնարկել։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ հուշամրցաշարը կազմակերպվել է Արցախի Հանրապետության Շախմատի ֆեդերացիայի և Շախմատի մանկապատանեկան մարզադպրոցի նախաձեռնությամբ։

Մինչ մեկնարկը, ներկաները լռության րոպեով հարգել են Արցախյան պատերազմներում նահատակվածների հիշատակը։

«Արդեն երկրորդ տարին է, որ Արտյոմ Ավագյանի հիշատակին անց ենք կացնում հուշամրցաշար։
Այս անգամ մրցույթին մասնակցում են 24 ուժեղագույն շախմատիստներ։ Այն տևելու է 7 օր՝ շվեյցարական մրցակարգով»,-ասել է ԱՀ Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Ասատրյանը՝ հավելելով, որ մրցանակային տեղեր գրաված մասնակիցները կպարգևատրվեն դրամական պարգևներով։

Մարզադպրոցի անմահացած սան Արտյոմ Ավագյանի մարզիչ Հակոբ Ավագյանը մեզ հետ զրույցում ասել է, որ Արտյոմը եղել է մարզադպրոցի լավագույն սաներից։

«Բազմակի անգամներ դարձել է Ստեփանակերտի դպրոցական չեմպիոն, մրցանակակիր, մեկ անգամ` Հանրապետության չեմպիոն։ Նման հուշամրցաշարերն առիթ են, որպեսզի հիշենք մեր հերոսներին ու նրանց կիսատ թողած գործը շարունակենք»,-նշել է Հ. Ավագյանը։

 

  • Կիսվել: