Ստեփանակերտում կազմակերպվեց Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, «Պոլ Էլյուարի տուն» Ֆրանկոֆոնիայի կենտրոնում տեղի ունեցավ Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի սաների աշխատանքների ցուցահանդեսը:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում կենտրոնի տնօրեն Իրինա Թամրազյանը նշեց, որ պատերազմից հետո երկրորդ ցուցահանդեսն են կազմակերպում Արցախում:
«Մենք Ֆրանկոֆոնիայի կենտրոնում ունենք մասնաճյուղ և շատ ուրախ ենք, որ այսօր կազմակերպեցինք ցուցահանդես մեր օջախում: Ներկայացված են փայտե իրերի պատրաստման, ասեղնագործության, ուլունքագործության, նկարչության խմբակներ հաճախող սաների գործերը, որոնք կազմում են մեր աշխատանքների 20 տոկոսը: Մենք մասնակցում ենք Հայաստանում կազմակերպվող բոլոր ցուցահանդեսներին. մեկ տարվա ընթացքում 19 ցուցահանդեսի ենք մասնակցել: Շատ ծրագրեր առաջիկայում կիրականացնենք մեր արհեստավարժ խմբակավարների և տաղանդավոր սաների հետ»,- նշեց Ի. Թամրազյանը և հավելեց, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև դեկտեմբերի 20-ը:
Կենտրոնի նկարչական խմբակի սան Թերեզա Դավիդյանի աշխատանքները նույնպես ներկայացված են ցուցահանդեսին: «Ստեփանակերտում վերաբացված կենտրոն սկսել եմ հաճախել հոկտեմբեր ամսից և այդ կարճ ժամանակահատվածում իմ ուսուցչուհուց շատ բան եմ սովորել: Մանկուց միշտ ցանկացել եմ նկարել և մեծ ցուցահանդեսների մասնակցել, հիմա փորձում եմ իրագործել այն՝ օգտվելով կենտրոնի ընձեռած հնարավորությունից»,- ասաց Թ. Դավիդյանը: