«Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը»․ ցուցահանդես Հայաստանի ազգային պատկերասրահում
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» (1894 թ.) գլուխգործոցը ստեղծումից ավելի քան 130 տարի անց առաջին անգամ կցուցադրվի Հայաստանում՝ իր հայրենիքում։
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է՝ սեպտեմբերի 16-ին՝ ժամը 18։30-ին, Հայաստանի ազգային պատկերասրահում կբացվի «Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսը՝ նշանավորելով խոշոր իրադարձություն հայկական արվեստի պատմության մեջ:
Ղազախստանի Աբիլխան Կաստեևի անվան արվեստի ազգային թանգարանի բացառիկ փոխառությամբ Հայաստան եկող «Լքյալը» ստեղծագործությունը ցուցահանդեսի նշանային ստեղծագործությունն է։
Միաժամանակ, առաջին անգամ մեկ ցուցադրական տարածքում, որպես ամբողջացող եռապատում, կմիավորվեն Սուրենյանցի ստեղծագործական ժառանգության առանցքային և մոնումենտալ երեք կտավները՝ «Լքյալը» (1894 թ.), «Ոտնահարված սրբություն» (1895 թ.), «Ջարդից հետո» (1898 թ.)։
Ցուցահանդեսում ներկայացվում են նաև Փանոս Թերլեմեզյանի, Սարգիս Խաչատուրյանի, Ժիրայր Օրագյանի, Մարիամ Ասլամազյանի, Արմինե Կալենցի և այլոց՝ մարդասիրական մտածողության ընդհանուր զարգացման ուղին բացահայտող ստեղծագործությունները, ինչպես նաև Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից երկու ստեղծագործություն և Սբ Առաքելոց եկեղեցու պատմական այն դուռը, որը պատկերված է Սուրենյանցի «Լքյալը» կտավում։
««Մարդկության դեմքը. Սուրենյանցի «Լքյալը» և հումանիստական արվեստը» միջազգային ցուցահանդեսի համադրողը Վիգեն Գալստյանն է»,- հայտնում են նախարարությունից:



