Ստեփանակերտում հարգանքի տուրք են մատուցել Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին
Այսօր՝ փետրվարի 28-ին, Սումգայիթի ջարդերի 35-րդ տարելիցի առթիվ, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորները, Կառավարության անդամներ և բազմաթիվ քաղաքացիներ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում ծաղիկներ են խոնարհել Սումգայիթի անմեղ զոհերի հիշատակին կանգնեցված հուշակոթողի պատվանդանին և հարգանքի տուրք մատուցել:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Սումգայիթի անմեղ զոհերի հոգիների հանգստության համար աղոթել է Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը:
ԱՀ ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցի խոսքով՝ այսօր ամբողջ հայությունն աղոթում է իր անմեղ զոհերի հիշատակի համար:
«Մենք մշտապես պետք է հիշենք թուրքերի ցեղասպան էության մասին և միշտ պատրաստ լինենք այդ ազգի կողմից նման ագրեսիաների: Պատրաստ պետք է լինենք բոլոր առումներով՝ թե ռազմական, թե տնտեսական: Մեր ամբողջ պատմության յուրաքանչյուր ժամանակահատվածում, երբ մոռանում ենք այդ պարզ ճշմարտությունը, անմիջապես հերթական հարվածն ենք ստանում: Եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստ լինես պատերազմի. սա ևս պետք է հիշենք»,-ասել է Գ. Բաղունցը: