Ստեփանակերտում ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ է կազմակերպվել (լուսանկարներ)
Այսօր՝ մարտի 16-ին, Ստեփանակերտի Մշակույթի և երիտասարդության պալատում Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակազմի Նախազորակոչային պատրաստության և արտադպրոցական ծրագրերի վարչության արտադպրոցական ծրագրերի բաժնի կողմից Ստեփանակերտի և շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջև ձեռքի աշխատանքների ցուցահանդես-մրցույթ է կազմակերպվել` նվիրված կանանց միամսյակին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մրցույթի նպատակն էր նպաստել աշակերտների գեղագիտական դաստիարակությանը և ստեղծագործական ունակությունների զարգացմանը, աջակցել գործնական հմտությունների ձեռքբերմանը, ինչպես նաև ամրապնդել Ստեփանակերտի և շրջանների մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնների միջև կապը:
Ցուցահանդեսին ներկայացվել են անսահմանափակ քանակով ձեռքի աշխատանքներ՝ «գորգագործություն», «գոբելեն», «խեցեգործություն», «հուլունքագործություն», «նկարչություն», «քանդակ» և այլ ճյուղերից, որոնք խորհրդանշում էին Մայրության և գեղեցկության խորհուրդը: Բոլոր ՄՊՍԿ-ների ներկայացրած աշխատանքներին ծանոթանալուց հետո մրցույթի հանձնաժողովի անդամները որոշել են հաղթողներին: Մրցանակային առաջին տեղն է գրավել Ասկերանի Մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը,երկրորդ տեղում Ստեփանակերտի, իսկ երրորդ տեղում՝ Մարտակերտի ՄՊՍԿ-ներն էին: