չորեքշաբթի, նոյեմբեր 25
25 / 11 / 2026
Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է, այլ պետությունների կողմից դրա վերաբերյալ տրված դիտարկումները չենք կարող մեկնաբանել. ԱՆ տեղակալ

Սահմանադրությունը փոխելը ՀՀ-ի ներքին օրակարգն է, այլ պետությունների կողմից դրա վերաբերյալ տրված դիտարկումները չենք կարող մեկնաբանել. ԱՆ տեղակալ

Սահմանադրության նախագիծը լրամշակման բազմաթիվ փուլեր է անցել, այդ թվում՝ նաև մշակվել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի շրջանակներում, խորհրդում; Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանն՝ անդրադառնալով նախագծի առնչությամբ հնչած հայտարարություններին, թե ոլորտային քննարկումներ չեն եղել, անգամ իշխանական պատգամավորները նախագծի տեքստին ծանոթ չեն եղել։

«Փաստացի խորհուրդը քննարկել է, և ի վերջո, Արդարադատության նախարարությունը ներկայացրել է այն հանրային քննարկման։ Սահմանադրության նախագծի հանրային քննարկումը բացելու է հարթակ նոր քննարկումների, որտեղ յուրաքանչյուրը հնարավորություն կունենա ներկայացնելու առաջարկներ, ինչպես գիտեք Սահմանադրության նախագիծի հրապարակման համար մենք առանձնացրել ենք նաև առանձին կայք, որտեղ հնարավորություն ունի յուրաքանչյուր քաղաքացի ծանոթանալ սահմանադրության տեքստին, ներկայացնելու առաջարկությունները, որոնք հաշվի կառնեն Սահմանադրության տեքստի հաջորդիվ խմբագրումներին»,-ասել է նա։

Անդրադառնալով Դատավորների միության հայտարարությանը՝ դատական համակարգի վերափոխման շուրջ՝ Կարապետյանն ասաց, որ փաստացի Դատավորների միությունը ինքնին հասարակական կազմակերպություն է և իր կողմից իրականացվող գործունեության շրջանակներում ևս կարող է ներկայացնել առաջարկներ սահմանադրական բարեփոխումների նոր փոփոխությունների համար։

Հարցին, թե ինչպես է գնահատում այն, որ Ադրբեջանն ու Թուրքիան իրար հերթ չտալով ողջունում են այս սահմանադրության այս նախագիծը, հետևաբար արդյոք սա իսկապես էլ սահմանադրության փոփոխությունը Հայաստանի ներքին գործերի միջամտություն է, թե այնուամենայնից սա զուտ հայկական օրակարգ է՝ փոխնախարարը հղում արեց նախարար Գալյանի պնդումներին, թե սա Հայաստանի Հանրապետության ներքին օրակարգն է։ «Մենք որևէ կերպ չենք կարող մեկնաբանել այլ պետությունների կողմից մեր սահմանադրության վերաբերյալ տրված դիտարկումները, բայց խոսքը փաստացի այն մասին է, որ սահմանադրության տեքստը մշակվել է այն հիմնավորմամբ, ինչ հիմնավորմամբ, որ ներկայացվել է քննարկման։ Այսինքն, 2018 թվականից հետո արդեն իսկ դրվել է խնդիր ունենալու նոր սահմանադրություն, որը կկարողանա բալանսավորել իշխանության ուժերը։ Այսինքն, եթե մենք հիմա խոսում ենք այն փոփոխությունների մասին, որոնք սահմանադրությունով նախատեսված են, այդ փոփոխությունները ներկայացված են հանրային քննարկման»,-ասաց նա։

  • Կիսվել: