Ստեփանակերտում դիմավորել են Եվրոպայի առաջնության արցախցի մեդալակիրներին
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, Ստեփանակերտի «Մենք ենք մեր սարերը» հուշարձանի մոտ դիմավորել են Սերբիայի Բելգրադ քաղաքում կայացած Եվրոպայի ավանդական կարատեի առաջնությունում մրցանակային տեղեր զբաղեցրած Միխայիլ Մխիթարյանին, Նիկո Պողոսյանին և Վարդան Ղալայանին:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ մարզիկներին դիմավորելու էին եկել ԱՀ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմի սպորտի վարչության պետ Դանիել Մկրտչյանը, ԱՀ օլիմպիական կարատեի և ավանդական կարատեի ֆեդերացիաների նախագահ Լեռնիկ Ղալայանը, սպորտի բնագավառի ներկայացուցիչներ, մարզիկների հարազատները, համաքաղաքացիներ։

18-20 տարեկանների անհատական կատա մրցաձևում երկրորդ մրցանակային տեղը զբաղեցրած Նիկո Պողոսյանը առաջին անգամ է մասնակցում Եվրոպայի առաջնությանը և վստահ է, որ հաջորդ անգամ չեմպիոնի մեդալով կվերադառնա, քանի որ մարզվում է՝ բարձրացնելու պատրաստվածության մակարդակը:
Մեր զրուցակցի խոսքով՝ թիմային կատա մրցաձևում 3 հոգով գրավեցին երրորդ պատվավոր տեղը:
Միխայիլ Մխիթարյանի անհատական մարզիչ Աշոտ Մխիթարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ պատրաստվում են հաջորդ տարի Լեհաստանում կայանալիք աշխարհի ավանդական կարատեի առաջնությանը: