հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Ստեփանակերտում արցախյան երրորդ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշ֊ցերեկույթ է կազմակերպվել

Ստեփանակերտում արցախյան երրորդ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշ֊ցերեկույթ է կազմակերպվել

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանում կազմակերպվել է հուշ-ցերեկույթ՝ նվիրված արցախյան երրորդ պատերազմում քաջաբար զոհված հերոսների հիշատակին։

«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառումը սկսվեց մեկ րոպե լռությամբ զոհվածների հիշատակին հարգանքի տուրք մատուցելով։

Բնութագրությունը հասանալի չէ

Այնուհետև բուհի ուսանողները հանդես եկան գրական-գեղարվեստական կատարումներով:

Բնութագրությունը հասանալի չէ

Պրոռեկտոր Ալիսա Բաղդասարյանն իր խոսքում ցավով ընդգծեց, որ հայրենիքը գտնվում է այնպիսի իրավիճակում, որտեղ ապրողները պարտավորված են զգույշ խոսել, զգույշ քայլել, անգամ զգույշ լռել: «Երբ գերեզմանների իրողությունը դարձել է այնպիսի մի ցավ, որ ծնողը գերեզմանոցում է փորձում քնել ու արթնանալ, ուրեմն մեզ վիճակվել է մի ավելի ծանր պատերազմ, և այդ պատերազմը մեր ներսում է: Մենք պարտավորված ենք այնքան ուժեղ լինել, որ մեր ներսի պատերազմը մեզ չկործանի, ավելին, որ մենք կարողանանք ավելի ամրապնդվել և դրանով հաղթել, որովհետև մեր առաջ ծառացած է հաղթելու խնդիրը: Եվ հաղթելուց առաջ նախ մենք ինքներս մեզ պետք է կարողանանք ուժով և ոգով զինել», - նշեց Ա. Բաղդասարյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Բանաստեղծ, գրականագետ-մանկավարժ Սոկրատ Խանյանի համոզմամբ՝ այսօրվա տխուր միջոցառումը մեզ կրկին ու կրկին հուշում է արցունքների միջից ժպտալ, որովհետև գալիքը մերն է:

«Կան տխրության պահեր, որ ստիպում են ժողովրդին թևածել՝ ապրելու և հաղթանակելու իմաստով: Բոլորս հոգու խորքում արտասվում ենք, բայց ամեն դեպքում 5 հազար տարեկան մեր ժողովուրդը նման պահեր շատ է տեսել, սակայն պետք է շարունակել ապրել և ապրեցնել սերունդներին: Մեր ժողովուրդը ծնվել է հավերժորեն ապրելու համար՝ այնպիսի որդիների շնորհիվ, որոնք իրենց կյանքը նվիրեցին մեզ բոլորիս, մեր ապագային», - նշեց Ս. Խանյանը:

Բնութագրությունը հասանալի չէ

Միջոցառման վերջում ներկաները ծաղիկներ խոնարհեցին բուհի՝ 44-օրյա պատերազմում զոհված շրջանավարտների հիշատակին կանգնեցված հուշատախտակին:

  • Կիսվել: