Ստեփանակերտում Ամենայն հայոց բանաստեղծին և Բարեկենդանին նվիրված միջոցառում է կազմակերպվել
Այսօր՝ փետրվարի 19-ին, Ստեփանակերտի Պոլ էլյուարի տուն ֆրանկոֆոնիայի կենտրոնում Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնը կազմակերպել է Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվան նվիրված և Բարեկենդանի թեմատիկայով միջոցառում։
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ միջոցառման մասնակիցներն իրենց աշխատարաններում պատրաստել են Բարեկենդանը խորհրդանշող տիկնիկներ ու դիմակներ, գունազարդել հայկական ավանդական այս տոնի հետ կապված հերոսների պատկերներ։
Մեզ հետ զրույցում Ստեփանակերտի Թումո կենտրոնի ղեկավար Խաչատուր Հայրապետյանը կարևորել է հին հայկական ավանդույթների պահպանումն ու հանրությանը ներկայացնելը։


Օրվա խորհրդին համահուն՝ միջոցառման մասնակիցներն ընթերցել են հեքիաթներ՝ Բարեկենդան տոնի ավանդույթների ու ծագման մասին։
Միջոցառման մասնակիցներից Լուիզա Հարությունյանը եկել է համադասարացիների հետ՝ դասղեկի առաջարկով։

Միջոցառման մասնակիցներին գունազարդելու համար տրամադրված պատկերների միջոցով հնարավորություն է ընձեռվել կիրառելու իրենց երևակայությունն ու ստեղծագործական ձիրքը։
