շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ստեփանակերտի քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ․ 1 ոստիկան բեկորային վնասվածքներ է ստացել

Ստեփանակերտի քաղաքացին նռնակ է նետել ոստիկանների ուղղությամբ․ 1 ոստիկան բեկորային վնասվածքներ է ստացել

Այսօր, ժամը 12:30-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի 5 ա հասցեում գտնվող քաղաքացուց ահազանգ էր ստացվել ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչություն այն մասին, որ իր որդին՝ 1990թ. ծնված Հ.Հ.-ն գտնվում է անհավասարակշիռ վիճակում և վտանգ է ներկայացնում շրջապատի համար:

Արցախի դատախազությունից հայտնում են, որ ահազանգի հիման վրա ոստիկանության ծառայողները ներկայացել են հիշյալ հասցե, որտեղ ներկայացած քաղաքացի Հ.Հ.-ն մարտական վիճակի է բերել ապօրինի պահվող նռնակը և սպառնացել պայթեցնել այն, որից հետո նռնակը ձեռքին դիմել է փախուստի:

Որոնողական աշխատանքների արդյունքում Հ.Հ.-ն ժամը 14:20-ի սահմաններում հայտնաբերվել է Ստեփանակերտ քաղաքի Մաշտոցի պողոտայում՝ «Մենք ենք, մեր սարերը» հուշահամալիր տանող ճանապարհին: Ոստիկանության ծառայողները փորձել են կանխել նռնակով զինված Հ.Հ.-ից տածվող վտանգը, որի ընթացքում վերջինս նռնակը նետել է ոստիկանների ուղղությամբ և պայթեցրել, ինչի հետևանքով ոստիկանության ծառայող Լ.Բ.-ն ստացել է բեկորային վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, իսկ դեպքի վայրում գտնվող մյուս ոստիկանները հասցրել են անվտանգ դիրք ընդունել՝ այդ կերպ խուսափելով վնասվելուց:

Ենթադրյալ հանցանք կատարած անձը բերման է ենթարկվել ոստիկանություն, կատարվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ:

  • Կիսվել: