կիրակի, հունիս 22
22 / 6 / 2025
Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանում չեղարկված միջշրջանային երթուղիներ չկան. պատասխանատու

Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանում չեղարկված միջշրջանային երթուղիներ չկան. պատասխանատու

Հանրապետությունում միջշրջանային ուղևորափոխադրումներն իրականացվում են ամենօրյա հաստատված ռեժիմով։

Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի ավագ ենթակարգավար Իգոր Պետրոսյանը:

«Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող կյանքի ճանապարհը փակելու պատճառով արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ Արցախ չեն ներկրվում բենզին և դիզելային վառելիք։ Դեկտեմբերի 12-ից Ստեփանակերտ-Գորիս միջպետական ճանապարհի արգելափակումից հետո դադարեցվել են Ստեփանակերտից Երևան և հակառակ ուղղությամբ ուղևորափոխադրումները, ինչպես նաև Ստեփանակերտ-Գորիս, Ստեփանակերտ-Հրազդան միջպետական երթուղիների սպասարկումը։ Արցախի գազամատակարարման արգելափակման ընթացքում էլ կենտրոնական ավտոկայանի մի շարք միջշրջանային ավտոբուսներ երկու օր չեն կարողացել սպասարկել երթուղիները, բայց վերականգնումից հետո բոլորը նորից սկսել են աշխատել իրենց բնականոն գրաֆիկով», -մանրամասնել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ ստեղծված իրավիճակից ելնելով՝ Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբում ստեղծվել է հատուկ խումբ՝ կենտրոնական ավտոկայանի շահագործման բաժնի պետի մասնակցությամբ։

Ստեփանակերտի կենտրոնական ավտոկայանի պատասխանատուի խոսքով՝ օպերատիվ շտաբը տրամադրում է հատուկ կտրոններ, որոնցով միջշրջանային երթուղիները սպասարկող վարորդները կենտրոնական ավտոկայանի ենթակարգավարների հետ ներկայանում են բենզալցակայաններ և ըստ պահանջարկի լիցքավորում մեքենաները վառելիքով:

  • Կիսվել: