կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում կգործի երկրորդ բարեգործական ճաշարանը

Սեպտեմբերի 1-ից Ստեփանակերտում կգործի երկրորդ բարեգործական ճաշարանը

Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու հարևանությամբ սեպտեմբերի 1-ին կբացվի երկրորդ սոցիալական-բարեգործական ճաշարանը․ այն կգործի Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետեւանքով գործունեությունը դադարեցրած «Մալիբու» մանկական սրճարանի տարածքում։

Այս մասին «Արմենպրես»- ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման համահիմնադիր Արշակ Աբրահամյանը` հավելելով,որ Ստեփանակերտում սոցիալական ճաշարանների գործարկման ծրագիրը նախաձեռնվել է «Արցախի անվտանգության և զարգացման ճակատ» հանրային շարժման` սոցիալական ոլորտով զբաղվող աշխատանքային խմբի կողմից և իրականացվում է «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության միջոցով ու Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի օրհնությամբ ու ներգրավվածությամբ:

«Առաջին ճաշարանը բացվել էր օգոստոսի 15-ին՝ Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանու մայր տաճարի հարևանությամբ: Օրական այնտեղ սնվում է 300-350 մարդ, հիմնականում՝ անչափահասներ և տարեցներ: Բացի այդ, կամավորները պատրաստված ուտելիքն ամեն օր հասցնում են 70-ից ավելի տարեցների և հաշմանդամների: Ինչպես առաջին ճաշարանի, այնպես էլ երկրորդի պարագայում հանրային սննդի ծառայության գնման պայմանագիր է կնքվել մասնագիտացված մասնավոր ընկերության հետ: Առաջին ճաշարանը երկու շաբաթից ավելի է՝ գործում և, ցավոք, տեսնում ենք, որ այն մեծ պահանջարկ ունի: Լիակատար շրջափակման պայմաններում մեզ համար դժվար էր բացել երկրորդ ճաշարանը, բայց հասկացանք, որ այս իրավիճակում սա ամենակարևոր ծրագիրն է, ու փորձեցինք անել ամեն ինչ երկրորդ կետը բացելու համար»,-ասաց Աբրահամյանը` մանրամասնելով, որ կարողացել են գտնել մասնավոր ընկերությունների, որոնք մթերում են իրականացնում նաև գյուղերից:

 

Նրա խոսքով` ներկա իրավիճակում, մթերքի սղությամբ պայմանավորված, ճաշարանները կգործեն այնքան ժամանակ, որքան հնարավոր կլինի մթերք ձեռք բերել։

  • Կիսվել: