շաբաթ, հունիս 7
7 / 6 / 2025
Սարդարապատից Բեռլին և Շուշի ձգվող հաղթանակների շղթան շարունակվելու է. Մեծ Հայրենականի մասնակցի դուստրը՝ մոր պատգամների մասին

Սարդարապատից Բեռլին և Շուշի ձգվող հաղթանակների շղթան շարունակվելու է. Մեծ Հայրենականի մասնակցի դուստրը՝ մոր պատգամների մասին

Արմիկ Արամյանը 23 տարեկան էր, նոր էր ավարտել մանկավարժական ինստիտուտը, երբ սկսվեց Հայրենական մեծ պատերազմն ու բոթը հասավ Ստեփանակերտ:  

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արմիկ Արամյանի դուստր Նաիրա Թամրազյանը պատմել է, որ արցախցի մի խումբ աղջիկների հետ նա կամավոր մեկնել է ռազմաճակատ։

«Ծնողները դեմ էին. քնքուշ էր ու նուրբ, ռազմաճակատն իր համար չէր։ Բայցևայնպես, գնաց: Կռվել է առաջին և երկրորդ ուկրաինական ճակատներում՝ մասնակցելով Ուկրաինայի, Բելառուսիայի, Գերմանիայի ազատագրմանը ֆաշիզմից: Լեհաստանում ծանր վիրավորում է ստացել: Կարծում էին կմահանա, բայց բուժվեց ու շարք վերադարձավ»,- ասել է Նաիրա Թամրազյանը՝ հավելելով, որ նա հաղթանակով մտել է Բեռլին և շատերի նման իր անունը ևս գրել Ռայխստագի պատին` «Ստեփանակերտ-Բեռլին-Արմիկ Արամյան»։

«Մարտական դաժան տարիների մասին նա պատմել է իր որդիներին ու թոռներին։ Պատահական չէ, որ նրա նրանք ակտիվ մասնակցությունն են բերել Արցախյան գոյապայքարին։ Հատկանշելի է իր թոռներից՝ Արայիկ Գրիգորյանը, ով կռվել և զոհվել է 44-օրյա պատերազմի ժամանակ»,- վերհիշում է Մեծ Հայրենականի վետերանի դուստրը։

Մեր զրուցակցի խոսքով՝ Արմիկ Արամյանը հայտնի բարերար Միքայել Արամյանցի եղբոր թոռնուհին է, իսկ Սարդարապատի հերոսամարտի զորավարներ Դանիել և Պողոս Բեկ-Փիրումյանները նրա մոր զարմիկներն են:
Դստեր համար մորից մնացած միակ մասունքը իր արյունոտված կոմերիտական տոմսն է, որը փոխանցվում է սերնդեսերունդ։

«Սարդարապատից Բեռլին, Բեռլինից Շուշի ձգվող բարձր արժեքների շղթան դեռ շարունակվելու է: Մայրս մերօրյա իրավիճակում կասեր՝ շարունակեք հավատալ, պայքարել, հավերժ է լինելու Նաիրյան դալար բարդու խշշոցը»,- եզրափակել է Ն. Թամրազյանը։

Լուսանկարները՝ այստեղ:

 

  • Կիսվել: