հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Սա անթույլատրելի է. ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ Արցախում որոշ ուսհաստատությունների աշխատանքի դադարեցման մասին

Սա անթույլատրելի է. ՀՀ ԿԳՄՍ նախարարը՝ Արցախում որոշ ուսհաստատությունների աշխատանքի դադարեցման մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է Լաչինի միջանցքի փակմամբ պայմանավորված՝ Արցախի նախադպրոցական հաստատությունների, հանրակրթական դպրոցների նախադպրոցական խմբերի և երկարօրյա ռեժիմով աշխատող դպրոցների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կասեցմանը:

՛՛Հունվարի 9-ից պետք է վերսկսվեր դպրոցների և մանկապարտեզների բնականոն աշխատանքը։
Լաչինի միջանցքի փակման պատճառով Արցախում մանկապարտեզները, դպրոցների նախադպրոցական խմբերն ու երկարօրյա խմբերը չեն գործի՝ սննդի մատակարարման անհնարինությամբ պայմանավորված։

Սա անթույլատրելի է և տասնյակ հազարավոր երեխաների հիմնարար իրավունքների խախտում։
Ձեռնարկում ենք անհրաժեշտ քայլերը՝ այս խախտումների մասին փաստերը համապատասխան միջազգային ատյաններին ներկայացնելու համար։ Միաժամանակ ձմեռային արձակուրդի ավարտից հետո՝ հունվարի 9-ից ապահովված կլինեն Հայաստանում գտնվող արցախցի երեխաների կրթության հնարավորությունները՛՛,-նշել է նա։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արցախի որոշ ուսհաստատությունների աշխատանքը սննդի ոչ բավարար մատակարարման պատճառով ժամանակավորապես կկասեցվի։

 

  • Կիսվել: