ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՌԴ-ից ակնկալում ենք ստանձնած պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում. Արցախի նախագահը դիմում է Պուտինին

ՌԴ-ից ակնկալում ենք ստանձնած պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում. Արցախի նախագահը դիմում է Պուտինին

Այսօր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հանդես է եկել ուղերձով՝ առկա ներքին ու արտաքին մարտահրավերների վերաբերյալ:

Իր ուղերձում նախագահը դիմել է Ռուսաստանի իշխանություններին ու անձամբ նախագահ Պուտինին, Ադրբեջանի ժողովրդին ու իշխանությանը, ինչպես նաև՝ միջազգային հանրությանը:

Ուղերձի համապատասպան հատվածները ներկայացնում ենք ստորև. ՛՛Ռուսաստանի Դաշնության իշխանություններին և անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ապահովել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները՝ բացելով Լաչինի (Քաշաթաղի) միջանցքը, վերացնելով ադրբեջանական բոլոր խոչընդոտները, ազատելով Արցախի 120,000 բնակչությանը ահաբեկչական պատանդառությունից և կանխելով ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի ժողովրդի հանդեպ: Անկախ Եռակողմ հայտարարության մյուս կողմերի գործողություններից՝ Ռուսաստանը ստանձնել է հստակ պարտավորություններ, որոնք լրջագույն հիմք են եղել պատերազմից հետո Արցախի ժողովրդի վերադարձի ապահովման համար: Ուստի, մենք ակնկալում ենք այդ պարտավորությունների անշեղ ու վճռական կատարում՝ հանուն Արցախի ժողովրդի և Ռուսաստանի դաշնության շահերի, ինչպես նաև՝ հայ ու ռուս ժողովուրդների դարավոր բարեկամության:

Ադրբեջանի ժողովրդին ու իշխանություններին՝ վերջ տալ Արցախի ժողովրդի հանդեպ ատելության ու ցեղասպանական քաղաքականությանը, պատրաստ լինել իրապես ընդունել ժողովուրդների իրավահավասարության սկզբունքը և Արցախի հանդեպ բնիկ հայ ժողովրդի տիտղոսն ու իրավունքները: Մենք պատրաստ ենք միջազգային ձևաչափով երկխոսության, հակամարտության կարգավորման և խաղաղության, սակայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների, հատկապես՝ ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, վեճերի խաղաղ կարգավորման և տարածքային ամբողջականության սկզբունքների հիման վրա: Մենք որևէ սպառնալիք չենք ներկայացնում Ադրբեջանի հանդեպ, սակայն, մյուս կողմից, Արցախի ժողովուրդն ունի ինքնապաշտպանության իրավունք, իսկ Արցախի Հանրապետությունը՝ սեփական ժողովրդին պաշտպանելու պարտավորություն: Չնայած Ադրբեջանից եկող մշտական սպառնալիքներին՝ վստահ եմ, որ խաղաղ ու արժանապատիվ միջավայրի կերտումը և դարավոր թշնամության ավարտը բխում են մեր ժողովուրդների շահերից ու ձգտումներից:

Միջազգային հանրության բոլոր դերակատարներին և հատկապես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ առաջնահերթորեն ապահովել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի որոշման պատշաճ կատարումը Ադրբեջանի կողմից, ինչպես նաև անհրաժեշտ գործիքակազմերի կիրառմամբ երաշխավորել Արցախի ժողովրդի անվտանգությունը՝ ՄԱԿ-ի սկզբունքներին ու նպատակներին համապատասխան՛՛:

  • Կիսվել: