երեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2024
Ռազմաքաղաքական պայմանագիրը Հայաստանին կփրկի արտաքին ճնշումներից. Արցախի ԱԳ նախարար (տեսանյութ)

Ռազմաքաղաքական պայմանագիրը Հայաստանին կփրկի արտաքին ճնշումներից. Արցախի ԱԳ նախարար (տեսանյութ)

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն «Առաջին լրատվական»-ի հետ տեսակապով զրույցում անդրադառնալով տավուշյան բախումների վերաբերյալ ձևավորած գնահատականներին՝ նշեց, որ ԱՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ դատապարտելով Ադրբեջանի ագրեսիան. «Մենք համարում ենք, որ այդ ագրեսիան լուրջ հարված է հասցրել հակամարտության կարգավորման խաղաղ գործընթացին, և հիմա պետք է քայլեր ձեռնարկվեն, որ վերականգնվեն հանդիպումները և խաղաղ գոծընթացն առաջ գնա»:

Մասիս Մայիլյանի դիտարկմամբ՝ ԼՂ հարցում երեք համանախագահող երկրներից մեկը ժամանակ առ ժամանակ ակտիվ դեր է ստանձնում, հիմա ակտիվություն է ցուցաբերում Ռուսաստանը. «ՌԴ ակտիվությունը բացատրվում է նրանով, որ միայն ՌԴ-ն հնարավորություն ունի ազդելու ռազմաքաղաքական իրավիճակի վրա: Երևի այդ հանգամանքը հաշվի առնելով՝ հատկապես տավուշյան դեպքերից հետո, այդ ակտիվ դերը ՌԴ-ն է ստանձնել՝ համոզված եմ՝ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի համանախագահների համաձայնությամբ»:

«1994թ. զինադադարից հետո ընկած ժամանակահատվածում տավուշյան դեպքերը երկրորդ խոշոր լարվածությունն էր՝ Ապրիլյան պատերազմից հետո»,- նշեց Մասիս Մայիլյանը: Նա նաև նկատեց, որ Ապրիլյան պատերազմից հետ շատ բաներ վերաիմաստավորվեցին. «Հասկացանք, որ բանակին շատ ավելի մեծ ուշադրության պետք է արժանացնել, և անվտանգային խնդիրները պետք է լինեն առաջնային… Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ Ապրիլյան պատերազմից դասեր քաղել ենք»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Ապրիլյան պատերազմից հետո Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարեց Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի անհրաժեշտության մասին՝ Մասիս Մայիլյանն ընդգծեց, որ նման քննարկումներ են տեղի ունենում.« Տավուշյան դեպքերը ցույց տվեցին, որ այդ խնդիրն արդիական է… Արցախի հետ ռազմաքաղաքական պայմանագրի առկայությունը դիվանագիտական ճակատում Հայաստանին կփրկի արտաքին ճնշումներից»:

Մանրամասն՝ տեսանյութում.

 

  • Կիսվել: